ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիի հանդիպումով կարող է ազդարարվել Ռուսաստան-Իրան-Թուրքիա տանդեմի ավարտը

moscow-baku.ru

Սոչիում փետրվարի 14-ին նախատեսվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպում, որը կարող է էական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի և հակամարտության կարգավորման հեռանկարների վրա: Այսօր Սիրիայի հարցով որոշակի լարվածություն կա ինչպես Ռուսաստանի և Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի միջև:

Սիրիայի հարցով ռուս-թուրքական լարվածությունը, որը կողմերը փորձում են հնարավորինս չհանրայնացնել, առաջին հայացքից պայմանավորված է ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու թուրք-ամերիկյան նախաձեռնությամբ: Թեև Մոսկվան հայտարարում է, որ այստեղ խնդիր չի տեսնում և ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին՝ կապված երկրի անվտանգության ապահովման հետ, սակայն Մոսկվայի կողմից այս հարցում 1998 թվականի թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրին հղվելը, որով Սիրիան ստանձնել է իր տարածքում քուրդ զինյալների դեմ պայքարը, խոսում է այն մասին, որ Ռուսաստանում, առնվազն Թուրքիայի առաջադրած ներկայիս պայմաններով, համաձայն չեն Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության հաստատմանը:

Սոչում, ըստ ամենայնի, կորոշվի, թե Թուրքիան ինչ գին է վճարելու իր այդ նախաձեռնության համար, կամ վճարելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ: Այս համատեքստում հետաքրքիր է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ Ռուսաստանը Թուրքիային զգուշացրել է Իդլիբում ռազմական գործողություն սկսելու հնարավորության մասին, քանի որ Անկարան ամբողջությամբ չի կատարում ստանձնած պայմանավորվածությունները: Սակայն պետք է նշել, որ ռուս-թուրքական տարաձայնություններն ավելի խորն են, քան անվտանգության գոտիների հետ կապված հարցերը. Թուրքիան շարունակում է դեմ հանդես գալ հետպատերազմյան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի իշխանությանը, ինչը կարող է նվազեցնել սիրիական հակամարտության կարգավորման վրա ռուսական ազդեցությունը:

Չնայած այդ հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են, սակայն, ինչպես հետևում է ՌԴ բարձաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և իրանական մամուլի հրապարակումներից, Ռուսաստանն այլևս հետաքրքված չէ Սիրիայում Իրանի ազդեցության պահպանմամբ: Իրանի ներկայությունը Սիրիայում սադրում է Իսրայելին դեռևս ավիահարվածներ հասցնելու վերջինիս տարածքին, սակայն չի բացառվում, որ այդ հարվածները վերածվեն ռազմական գործողության: Սա կարող է սիրիական հակամարտությունը միանգամայն նոր փուլ տեղափոխել` երկարաձգելով հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ազդելով Սիրիայում ուժերի դասավորության վրա: Նշենք, որ Իրանին կարգավորման գործընթացից աստիճանաբար դուրս թողնելու ուղղությամբ քայլեր Ռուսաստանն արդեն ձեռնարկում է. դրա օրինակներից է 2018 թվականի աշնանը  Սիրիայի հարցով Ստամբուլում տեղի ունեցած Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա քառակողմ գագաթաժողովին Իրանին չհրավիրելը:

Սիրիայում երկու գործընկերների` Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունները միաժամանակ փչացնելն ընդհանրապես ձեռնտու չէ Մոսկվային, քանի որ կարող է այդպիսով էականորեն նվազեցնել կարգավորման գործընթացում իր ազդեցությունը: Ըստ ամենայնի, Ռուսաստանը կընտրի Թուրքիայի հետ համագործակցությունը պահելու տարբերակը, քանի որ վերջինիս ներկայությունը Սիրիայում դժգոհություններ չի առաջացնում ո´չ տարածաշրջանային, ո´չ միջազգային դերակատարների մոտ: Սակայն այստեղ Մոսկվային անհրաժեշտ է Թուրքիային համոզել համագործակցել Բաշար Ասադի իշխանության հետ: Թերևս սրանով է պայմանավորված Ադանայի համաձայնագրին հղվելը: Չի բացառվում, որ Ասադի իշխանության հետ համագործակցության արդյունքում Թուրքիան հնարավորություն ստանա իրականացնել քրդերի դեմ նախատեսված ռազմական գործողությունը, իսկ մինչ այդ սիրիական կառավարական զորքերը դիրքավորվում են քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի մերձակայքում: Սոչիում Թուրքիայի հետ համաձայնության չհասնելու դեպքում, սիրիական կառավարական զորքերը, իհարկե ՌԴ աջակցությամբ, կարող են ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում վերահսկողություն հաստատելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: