ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Նիկոլ Փաշինյան

primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ,
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ,
հարգելի գիտնականներ, հյուրեր,

Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի` Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Այսպիսով մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների: Որպես երկրի ղեկավար և որպես պարզ հայ մարդ ինձ համար մեծ պատիվ է և հաճույք նման միջոցառման մասնակիցը լինել:

Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարևորությունը։ Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը: Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունը ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից է կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը և թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահները և մի շարք այլ ճանաչված աստղագետներ:

Վերջերս ռուսական մի մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր և դիպուկ բնորոշում է: 
Վիկտոր Համբարձումյանն իսկական գիտության նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծած Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան և ճշգրիտ գիտություններն ընդհանրապես:

Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության և գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2018թ. դափնեկիրներն են պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելը (Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը (ՌԴ) և պրոֆեսոր Լև Յունգելսոնը (ՌԴ): Նրանք երեքն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են: Ներկայացված աշխատանքն անցել է ամենախիստ և բծախնդիր գիտական փորձաքննություն և բազմիցս քննարկվել է միջազգային հանձնաժողովի կողմից: Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը, իսկ Հայաստանի գիտությունը, մասնավորապես աստղագիտությունը նույնպես նրանց մշտական հոգածության կենտրոնում կլինեն:

Մեծարգո գիտնականներ, հարգելի հյուրեր, թույլ տվեք մեր մրցանակակիրներին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»:

Վարչապետ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին: Մրցանակը շնորհվել են «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թ. ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010-2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: