ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան կարգավորում. ոտքի վրա հանդիպումներ, կամ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ

Ղարաբաղյան թեման, որը 2016թ.-ի փակուղային իրավիճակից հետո վերջին շրջանում կրկին ակտիվացել էր, կարծես թե, կրկին դադար է ստացել: Մյունխենի անվտանգության համաժողովի հետ կապված արհեստածին սպասումները ևս չիրականացան: Թեմայով զբաղվող փորձագետները կանխատեսում էին եթե ոչ Փաշինյան-Ալիև, ապա գոնե Մնացականյան-Մամեդյարով հանդիպում: Եվ չնայած մինչ մյունխենյան համաժողովը և՛ Զոհրաբ Մնացականյանը, և՛ Էլմար Մամեդյարովը խոսում էին Մյունխենում հնարավոր երկխոսության մասին, նրանց խոսքերի երանգավորումներից հնարավոր էր հասկանալ, որ հանդիպումը վերջնականապես հանաձայնեցված չէր:

Իսկ ո՞վ կարող էր նմանատիպ հանդիպում կազմակերպել Մյունխենի միջանցքներում:  Առաջին հերթին, ՀՀ  և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների՝ հունվարին Փարիզում ունեցած հանդիպումից հետո այնքան լավատեսություն կար, որ կողմերը կարող էին առանց որևէ մեկի միջնորդության  հանդիպել Մյունխենում:  Առավել ևս, որ Մամեդյարովը նույնիսկ հայտարարել էր, որ Գերմանիայում «հնարավոր է՝ քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթաժողովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի հավանականությունը»:

Երկրորդ, նմանատիպ հանդիպում կարող էին կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ովքեր Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումից հետո, թվում էր, կորցրել էին գործընթացի թելերը: Երրորդ, դա կարող էր կազմակերպել նաև ՌԴ-ն՝ ի դեմս Լավրովի , առավել ևս, որ վերջինս Մյունխենում ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկեց ղարաբաղյան հակամարտության թեման: Դավոսի հանդիպումից հետո, երբ բոլորը Փաշինյան-Ալիև մեկուկես ժամ տևողությամբ հանդիպման մեջ տեսնում էին ԱՄՆ ձեռքը՝ ի դեմս Բոլթոնի, ռուսական կողմը կարող էր հավասարակշռել «ամերիկյան առավելությունը»:  Եվ չորրորդ, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող էր նախապես կազմակերպված լինել հենց համաժողովի կազմակերպիչների կողմից, չնայած Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար կա սահմանված ձևաչափը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, սակայն նույնիսկ ՀՀ նախագահ Սարգսյանն էր նախապես խոսել այնտեղ արցախյան հարցով ինչ-որ քննարկումների հնարավորության մասին:

 Սակայն անգամ ոտքի վրա հանդիպում, ինչպես ասում էր Մամեդյարովը, տեղի չունեցավ: Պատճառը, կարծես, նրանում է, որ ղաբարաղյան հակամարտությունը կրկին սուղ շրջան է ապրում:  Չխաչվող դիրքորոշումներն ու սեփական կարմիր գծերը չհատելու ձգտումը կրկին վերադարձել են բանակցությունների սեղան: Եվ չնայած որոշ ժամանակ առաջ ոմանց մոտ (այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների) Ղարաբաղյան հիմնահարցով փակուղուց դուրս գալու հույսեր էին արթնացել, կարգավորման գործընթացն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից: Հնարավոր է՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը կարողացել էին հանգել որոշ մակերեսային պայմանավորվածությունների, այդ թվում՝ ուղղված իրենց ներքին քաղաքականություններին:

Սակայն չհաջողվեց երկար «խաղաղություն խաղալ»: Դրա համար էլ Ադրբեջանը չհասունացավ, և հակասությունները հարթել չհաջողվեց: Այդ իսկ պատճառով կրկին առաջնահերթ դարձավ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը միանգամից կանգնեցրեց առանց այն էլ խլեցված երկխոսությունը:

Այդ դեպքում, ի՞նչ սպասել մոտ ապագայում: Այս պահին չի բացառվում ՌԴ հնարավոր ակտիվացումը. ինչպես պատմությունն է փաստում, որոշիչ պահերին ՌԴ հանդես է գալիս կա՛մ հանդիպում նախաձեռնողի, կա՛մ նոր բանակցային գաղափարների կատալիզատորի դերում: Առավել ևս, որ ՌԴ համար մեր տարածաշրջանում ոչ բարենպաստ ժամանակաշրջան է և այդ երկիրը փորձում է վերադարձնել ղարաբաղյան կարգավորման «առաջատարության արմավենին»:  Սպասելի է նաև Փաշինյան –Ալիև հանդիպման կարզմակերպման որոշակի սառեցում. չնայած ԶԼՄ-ները քննարկում են այդպիսի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ-ում, սակայն, կարծես թե, կողմերն այսօր այդ ձևաչափին պատրաստ լինելուց բավական հեռու են:

Զարմանալի չէ, որ Դավոսից հետո Ալիևն ու Փաշինյանը միմյանց «այլ երես» ցույց տվեցին: Մինչդեռ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները չեն դադարում կրկնել, որ «մենք միմյանց ասելիք ունենք»: Կցանկանա՞ն  Փաշինյանն ու Ալիևն այդ «ինչ-որ բանն» իրար ասել: Մեկ այլ հարց է՝ ու՞մ ներկայությամբ: Եվ , ի վերջո, իսկ նրանք ցանկանո՞ւմ են այսօր ոչ միայն հարցեր ունենալ, այլև՝ պատասխաններ:

Ցավոք, ղարաբաղյան կարգավորման գործընթացում պարբերաբար իրավիճակներ են ստեղծվում, երբ այս հարցի լուծումը ոչ միայն կոնֆլիկտի երեք կողմերի, այլև արտաքին խաղացողների հետաքրքրություններին է հատվում: Ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում լարված իրավիճակը չի կարող ազդեցություն չունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Մյունխենը ցույց տվեց, որ այստեղ երկու  հետքայլն արվել են: Մնում է սպասել քայլ առաջին, որը կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: