ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ՀՀ-ում նորանշանակ դեսպան Լին Թրեյսին. քաղաքական դիմանկար

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր անցել է աշխատանքային պարտականությունների կատարմանը:  Նշենք, որ անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի էր ունեցել նորանշանակ դեսպանի երդման արարողությունը: 

Ավելի վաղ Լին Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակը մնում է ինքնիշխան Հայաստանը:

«Մենք ցանկանում ենք տեսնել իր հարևանների հետ խաղաղ գոյակցող ինքնիշխան, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան: Լինելով աշխարհագրական ու մշակութային խաչմերուկներում՝ Հայաստանը մշտապես հավասարակշռել է մրցակցող շահերը, և մենք շարունակում ենք փաստել, որ մեր հանձնառությունն ինքնիշխան Հայաստանն է, որն ազատ է իր գործընկերների ընտրության հարցում»,- ասել է Թրեյսին:

Անդրադառանալով «Թավշյա հեղափոխությանը»՝ դիվանագետն ընդգծել էր, որ շատերի նման ոգևորված է Հայաստանի հեղափոխությամբ: «Այս տարի ապրիլ և մայիս ամիսներին հարյուր-հազարավոր մարդիկ Հայաստանում ոտքի կանգնեցին՝ վճռականորեն, սակայն առանց բռնության պատասխան պահանջելու երկրի իշխանություններից: Շատերի նման, ես էլ սրտապնդվեցի, երբ տեսա իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Թրեյսին՝ նշելով, որ առջևում Հայաստանին դեռ շատ անելիքներ են սպասում, որպեսզի այս վերջին վեց ամիսների ձեռքբերումները կարողանա ամրապնդել ու ամուր հիմքերի վրա դնել:

Խոսելով Արցախյան հակամարտության մասին` դեսպանը նշել էր, որ խաղաղ կարգավորումը կարևոր է Հայաստանի և Հարավային Կովկասի ավելի ապահով ու բարգավաճ ապագայի համար:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները ջանում է օգնել կողմերին՝ հասնելու խաղաղ բանակցային կարգավորման, որի հիմքում կլինեն ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի  սկզբունքները, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունք: Հաստատվելու դեպքում՝ ես կաջակցեմ այս նպատակի ուղղությամբ Վարչակազմի կողմից ձեռնարկվող քայլերին»- նշել է Թրեյսին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ 1915թ. սարսափազդու դեպքերը՝ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանությունների, կոտորածների ու մահվան երթերի զոհեր, երբևէ չի կարող մոռացվել:  «Իմ լիազորությունների սահմանում ես ամեն ինչ կանեմ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու և  այդ ծանրակշիռ հանձնառությանը հետամուտ լինելու համար»,- ասել է Թրեյսին, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ  Թուրքիայի հետ հաշտեցման ուղղությամբ առաջընթացը կօգնի կրճատել Հայաստանի մեկուսացումը և թափ հաղորդել երկրի տնտեսությանը:

«Այս նպատակով մենք քաջալերում ենք, որ Թուրքիան ու Հայաստանն ընդունեն և առերեսվեն անցյալի ցավալի տարրերին: Հաստատվելու դեպքում՝ ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ աջակցելու առավել խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ կերտելու Հայաստանի և Թուրքիայի ջանքերին»,- նշել է դեսպանը:

Լին Թրեյսին 1986 թվականին ավարտել է Ջորջիայի համալսարանը` ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։

1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։

2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

2004-2006 թթ. Աստանայում (Ղազախստան) ղեկավարել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: 

2006-2009թթ. Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում,  ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգևի: 2008 թ. օգոստոսի 26-ին Լինը հայտնվում է ծայրահեղականների թիրախում: Չնայած նախազգուշացումներին, որ նրա կյանքը վտանգված է` Լին Թրեյսին որոշում է մնալ Փեշավարում։ Եվ հենց այդ քայլի համար էլ  2009 թվականին արժանանում է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (Secretary’s Award for Heroism):

2010-2011թթ. եղել է ԱՄՆ փոխդեսպանն Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում, իսկ 2012-2014 թթ. նշանակվել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում:  

2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է նաև Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում, որի ընթացքում ստացել է «Պատվո մրցանակ» (Distinguished Honor Award) իր դիվանագիտական աշխատանքի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: