ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-իրանական հարաբերություններն ու Փաշինյանի ուշացած այցը

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան, որի ընթացքում կայացան բարձր մակարդակի բանակցություններ Իրանի իշխանությունների հետ` այդ թվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի, ով միշտ չէ, որ ընդունում է օտարերկրյա ղեկավարներին: Հանդիպումներն անցել են բավականին ջերմ մթնոլորտում, կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների երկուստեք կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել դրանք էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Սա թերևս համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չկատարելու ՀՀ նոր իշխանությունների հավաստիացումներին: Ընդ որում, պետք է նկատել, որ շրջադարձեր չեն կատարվել ոչ միայն երկկողմ հարաբերությունների բնույթում, այլ նաև օրակարգային հարցերում:  Փաշինյանի այցի ընթացքում քննարկված ծրագրերը և համագործակցության ուղիները կրկնում են  նախորդ իշխանությունների օրակարգը: Այսպես, կողմերն ընդգծել են քաղաքական բարձր համագործակցությունը` հերթական անգամ նշելով, որ տնտեսական համագործակցության մակարդակը  չի արտացոլում կողմերի միջև առկա ներուժը: Նշենք, որ հայ-իրանական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի կարևոր ծրագրերից է շարունակում մնալ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Վրաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ և քառակողմ տնտեսական համագործակցությունը:

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու հարցում դեռևս 2018 թվականի մայիսին կնքված Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման կարևորությունը խորհրդարանների կողմից: Այստեղ հետաքրքիր է, որ համաձայնագիրը վավերացված չէ այդ թվում նաև Հայաստանի կողմից, որը, լինելով Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի կնքման նախաձեռնությամբ հանդես եկող կողմ, պետք է ավելի շահագրգռված լիներ դրա հնարավորինս արագ վավերացմամբ և կյանքի կոչմամբ: Բացի այդ, համաձայնագրի վավերացումն այցին ընդառաջ կարող էր բավականին դրական ազդակ հաղորդել հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար:

Թեև ՀՀ իշխանությունները վերջին մեկ տարում պարբերաբար ընդգծում են Հայաստանի համար հարևան երկրների` մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, սակայն պետք է նկատել, որ այս ընթացքում Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվել` ի տարբերություն Վրաստանի: Ավելին, եղել են մի շարք հայտարարություններ, որոնք երկկողմ հարաբերություններում որոշակի անհանգստություն են առաջացրել: Թերևս այս շարքում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Իրանի հետ սահմանը կարող է ամեն պահի փակվել: Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերություններում որոշակի բացատրությունների կարիք կա, այդ մասին է վկայում նաև այն, որ Փաշինյանը հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Իրանի իշխանություններին հավաստիացնում է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացներում չկա որևէ այլ երկրի հետք:

Ամփոփելով կարելի է ասել, որ վարչապետի այցն Իրան, չնայած բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված, օրակարգային առումով որևէ նոր բան չէր պարունակում, ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում վերաբերում էին արդեն իսկ իրականացման փուլում գտնվող կամ վաղուց քննարկվող ծրագրերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: