ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուժերի բալանսը Ղարաբաղում՝ որակի, այլ ոչ թե քանակի արդյունք

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու գարունը կրկին ստիպեցին տարբեր փորձագետներին խոսել Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին: Ցավոք, դրանք միայն մերկապարանոց հայտարարություններ չեն. Ադրբեջանի իշխանություններն` ի դեմս Ալիևի, նույնիսկ չեն թաքցնում նման մտադրությունը` պարբերաբար անելով ռազմատենչ հայտարարություններ և անցկացնելով լայնամասշտաբ զորավարժություններ անմիջականորեն ԼՂՀ հետ սահմանին, ինչպես նաև խոսելով ուժի և ոչ թե իրավունքի առաջնայնության մասին:

Ալիևի` ռազմական գործողություններն ակտիվացնելու այդ անթաքույց մտադրությունն անուղղակիորեն հաստատեցին նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները` հայտարարելով լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ անելով «կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն (Ադրբեջանի զորվարաժությունները – խմբ.), նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները (Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը – խմբ.)»:

Տարիներ ի վեր համարվել է, որ ստատուս-քվոն Ղարաբաղում պահպանվում է ուժերի բալանսի հաշվին: Եվ իսկապես, աշխարհում այնքան էլ շատ չեն հակամարտող պետությունների միջև սահմաններ, որոնք պահպանվում են ոչ թե խաղաղապահների, այլ հակամարտող կողմերի զինվորների կողմից: Դա հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ, չնայած պաշտոնական Բաքվի` ռազմական ուժի և զինտեխնիկայի աննկարագրելի ու  անհավասարակշիռ վիճակի մասին հոխորտանքներին, Հայաստանի պետական բյուջեի չափով ռազմական բյուջեի ու ձեռքբերված զենքի առկայությանը, այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի բալանս կար: Այն ստեղծվում է որակի, այլ ոչ թե քանակի հաշվին: Հայկական զինված ուժերը միշտ գտնվում են պաշտպանողական դիրքում, իսկ հայրենիքը պաշտպանելիս հոգեբանորեն միշտ առավելություն ունես հակառակորդի նկատմամբ: Հայկական ուժերը և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն, անկասկած,  որևէ կերպ չեն  զիջում ադրբեջանականին` որքան էլ վերջիններս ջանասիրաբար մարզվեն թուրք հրահանգիչների ղեկավարությամբ:

Ուժերի բալանսը պահպանվում է նաև տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի միջոցով, և այսօր, ինչպես և մի քանի տարի առաջ, ռազմական գործողությունների վերականգնումը ձեռնտու չէ միջազգային դերակատարներին: Ճիշտ է, 2016թ. ապրիլին նրանք, հավանաբար, տրվեցին Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու գայթակղությանը և «համաձայնություն տվեցին»  ապրիլյան արկածախնդրությունը, բայց և' նրանք, և' բազուկներ ցույց տվող Ադրբեջանը հասկացան, որ պատերազմում ներդրված ֆինանսներն ու մարդկային ռեսուրսները համարժեք չեն այն արդյունքներին, որոնց սպասումով Ադրբեջանը տարիներ շարունակ «սնել» է իր ժողովրդին:

Ինչևէ, այսօր շատ փորձագետներ նշում են, որ, չնայած վերջին զորավարժությունների ընթացքում ԼՂՀ սահմանների մոտ բերված հսկայածավալ զինտեխնիկային և 10.000 զինվորականներին, տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում կարճաժամկետ, սակայն կանխատեսելի արդյունքներով ռազմական գործողություններ. ինչպես և ապրիլին, կլինեն բազմաթիվ զոհեր (Ադրբեջանի կողմից իրական զոհերի քանակը թաքցվել է), բայց չի լինի հակամարտության կարգավորում:

Իսկ ընդհանրապես, պատերազմական ճանապարհով խնդրի կարգավորում իսկապես հնարավոր չէ: Հնարավոր չէ գրավել Արցախն ու սրի քաշել այնտեղ բոլոր հայերին: Նման փորձ եղավ 1990-ականներին, երբ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի ուժեղ ու ավելի հարուստ էր, իսկ Ղարաբաղը չուներ նույնիսկ սեփական բանակ: Թե ինչպես ավարտվեց պատերազմը` գիտենք բոլորս: Դժվար թե ադրբեջանցիներն այսօր մոռացած լինեն ընդամենը 20 տարվա վաղեմության պատմությունը: Եվ որքան էլ նրանք ուզեն հավատալ իրենց առավելության միֆին, մտածող մարդիկ հասկանում են` խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է ուժերի բալանսի շնորհիվ: Իսկ ուժերի բալանսը, կրկնենք, հիմնված է որակակական, այլ ոչ թե քանակական ցուցիչների վրա:

Եվ հենց սա է ամենակարևորը, որ պետք է իմանալ մինչ պատերազմ սկսելու հրաման արձակելը…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: