ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշումը կարելի է որպես փաստարկ օգտագործել ԱՄՆ հետ հարաբերություններում. Տարոն Սիմոնյան (ԲԱՑԱՌԻԿ)

facebook

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքներ որպես Իսրայելի տարածք:

Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

- Պարո´ն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Թրամփի այս որոշումը` որպես միջազգային իրավունքում նախադեպ:

- Ցանկացած ակտ, հատկապես նման ազդեցիկ պետության կողմից արված, միջազգային հարաբերություններում անարձագանք մնալ չի կարող։ Ժամանակակից միջազգային իրավունքը զգայուն է նման դեպքերի հանդեպ։

Մենք նախ պետք է հասկանանք Միացյալ Նահանգները ճանաչման հիմքում ինչ փաստական հանգամանքներ է դնում։ Միայն այն, որ Գոլանը երկար ժամանակ (52 տարի) գտնվել է մի պետության վերահսկողության տակ, չի կարելի հիմնական պատճառ դիտել։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ հիմնավորումը հետևյալն է․ այս որոշումն եղել է անվտանգության այն միջոցը, առանց որի Իսրայել պետության կամ նրա բնակչության ֆիզիկական գոյությունը վտանգված է։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ նույն պետությունը մեկ այլ նմանատիպ փաստական հանգամանքների է առնչվում, ապա պետք է ակնկալել նմանատիպ որոշում։ Այս տեսանկյունից է, որ նախադեպային նշանակություն է ձեռք բերում պետության գործողությունը միջազգային հարաբերություններում։ Իսկ մենք գիտենք, որ միջազգային իրավունքում մեկ գործողությամբ չէ, որ համընդհանուր նախադեպ կամ միջազգային իրավունքի համընդհանուր նորմ է դառնում ինչ-որ կոնկրետ ակտ, այսինքն այն պարբերաբար կրկնման, ինչպես նաև իրավական համոզվածության հետևանքով է ձևավորվում։ Այս մի քանի գործոնների շնորհիվ է, որ կոնկրետ վարքագիծը դառնում է միջազգային իրավունքի նորմ։

Սակայն պետք է փաստել, որ Թրամփի այս որոշումը առանձնահատուկ գործողություն կարելի է դիտարկել, որը միջազգային իրավունքի հետագա զարգացման վրա միանշանակ ունենալու է իր ազդեցությունը․ դեռ վաղ է խոսել` ռեգրեսի՞վ, թե պրոգրեսիվ ։

- Որքանո՞վ կարող է Թրամփի ստեղծած այս նախադեպը կիրառելի լինել հետագայում:

- Եթե փաստական հանգամանքները վերաբերում են պետության կամ նրա բնակիչների ֆիզիկական գոյությանը, և այս պատճառաբանությամբ է ճանաչվում տարածքների զբաղեցումը, ապա սա կարելի է ինչ-որ առումով պրոյեկտել փաստական նմանատիպ հանգամանքներ ունեցող այլ գործերի վրա։ Բայց քանի որ տվյալ պարագայում դատական գործ չէ, և նախադեպը, որպես այդպիսին, դատական գործընթացի աղբյուր է համարվում, ոչ թե միջազգային հարաբերություններում պարզապես գործող միջազգային իրավունքի աղբյուր, ապա շատ դժվար կլինի մեկ գործողությունը տարածել մեկ այլ փաստական հանգամանքներով իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այս քայլը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կարելի է օգտագործել որպես փաստարկ առ այն, որ ԱՄՆ պետք է նույն կերպ մեկնաբանի և նույն վարքագիծը դրսևորի նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող իրավիճակներում։

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: