ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինա-իսրայելական հակամարտություն. ինչո՞ւ է խաղի կանոնները թելադրում Իսրայելը

Reuters

Վերջին օրերին Գազայի հատվածում կրկին լարվածության աճ է նկատվում: Իսրայելը փակել է Գազայի հետ սահմանը և զորքեր է կուտակում այնտեղ: Ավելի վաղ Իսրայելը, չնայած Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարին, հրթիռային հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ռազմական ենթակառուցվածքներին: Ինչպես նշում են Իսրայելում, այս գործողությունները պատասխանն են Գազայի տարածքից հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռի, որի հետևանքով 7 իսրայելցի է վիրավորվել:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, և հատկապես Գազայի հատվածում, նման գործողությունները պարբերական բնույթ են կրում: Միայն 2018 թվականի ընթացքում մերձավորարևելյան այս հակամարտության գոտում էսկալացիաների հետևանքով զոհվել են հարյուրավոր, վիրավորվել հազարավոր պաղեստինցիներ, տասնյակ իսրայելցիներ դարձել են ռադիկալ տրամադրված պաղեստինցիների հարձակումների թիրախ: Այս ամենը տասնամյակներ շարունակ Պաղեստինում և Իսրայելում ապրող բնակչության առօրյան է: Եվ չնայած այդ սարսափին, կողմերից և ոչ մեկը չի պատրաստվում որևէ զիջման գնալ հակամարտության կարգավորման գործընթացում: Ե´վ Իսրայելը, և´ Պաղեստինը հնարավոր բոլոր միջոցներով փորձում են ամրագրել իրենց համար ցանկալի կարգավիճակը, սակայն ոչ թե բանակցությունների միջոցով, որոնք, ի դեպ, վերջին տարիներին փակուղում են, այլ միջազգային հանրության կողմից ճանաչման հասնելու:

Այսպես, պաղեստինյան իշխանություններն ակտիվ քայլեր են իրականացնում Պաղեստին պետության միջազգային ճանաչման և հատկապես միջազգային տարբեր կառույցներին անդամակցության ուղղությամբ: Իսրայելն, իր հերթին, դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում կարգավորման գործընթացի ամենակնճռոտ հարցերում միջազգային հանրության աջակցությունը ստանալու ուղղությամբ, և պետք է նկատել, որ հաջողությամբ: Խոսքն առաջին հերթին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման մասին է, որին հետևեց մոտ մեկ տասնյակ եվրոպական և լատինաամերիկյան երկրների կողմից ճանաչումը, և ԱՄՆ կողմից Գոլանի բարձունքները պաշտոնապես իսրայելական ճանաչելու մասին է:

Այսպիսով, 1947 թվականի ՄԱԿ-ի 181 բանաձևով պետություն ստեղծելու իրավունք ստացած պաղեստինցիներն ու հրեաները մինչև այսօր շարունակում են պայքարել իրենց պետականության համար, սակայն միանգամայն տարբեր մակարդակներում: Այսպես, Պաղեստինը պետություն ստեղծելու մասին որոշումը կայացրել է 1988 թվականին և ավելի սահմանափակ տարածքում, քան նախատեսվում էր ՄԱԿ-ի բանաձևով: Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պաղեստինցիների, ինչպես նաև արաբական երկրների որոշումը հանգեցրեց ոչ միայն տասնյակ հազարավոր զոհերի ու տարածքային կորստի, այլև պայքարի Պաղեստին պետություն ստեղծելու իրավունքի համար:  

Ի տարբերություն Պաղեստինի` Իսրայելն այժմ պայքարում է ոչ թե պետություն ունենալու իր իրավունքի համար, այլ իրեն պարտադրված պատերազմների արդյունքում ձեռք բերված ստատուս-քվոն միջազգային ճանաչման միջոցով ամրագրելու: Այստեղ հարկ է նշել իսրայելական դիվանագիտության և հրեական ազդեցիկ լոբբիի կողմից իրականացված լուրջ և հետևողական աշխատանքի մասին: Այսպես, Երուսաղեմն Իսրայելի միասնական և անբաժանելի մայրաքաղաք հռչակել է 1980 թվականին: ԱՄՆ կողմից այդ որոշման ճանաչմանը հնարավոր եղավ հասնել միայն 37 տարի անց: Գոլանի բարձունքները Կնեսեթն իսրայելական տարածք հռչակել էր 1981 թվականին, և ահա 38 տարի անց համաշխարհային գերտերություններից մեկը` Միացյալ Նահանգները, ճանաչում է Գոլանի բարձունքները որպես իսրայելական տարածքը:

Իհարկե, սրանով Երուսաղեմի հարցը չի դադարում լինել պաղեստինա-իսրայելական կարգավորման ամենակնճռոտ հարցերից մեկը, կամ Սիրիայի և Իսրայելի միջև Գոլանի բարձունքների շուրջ վեճը չի կարգավորվում, սակայն այն բավականին մեծ քայլ է պատերազմների արդյունքները լեգիտիմացնելու ուղղությամբ: Արդյունքում, բանակցային գործընթացի վերսկսման դեպքում Իսրայելն ունենալու է ավելի ամուր դիրքեր և թելադրելու է իր համար ցանկալի կարգավորման տարբերակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: