ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարսանգի ջրամբար. հստակ քայլ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու համար

RFE/RL

Որքա՞ն կարելի է խաղաղություն առաջարկել նրանց, ովքեր  պատերազմ են ցանկանում: Բազմիցս, քանի որ պատերազմը չարիք է:

Այս ճշմարտությունը հասկանում են այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմի միջով:  Եվ, հավանաբար, պատահական չէ, որ երկու նախկին զինվորականները`  Արայիկ Հարությունյանն (ԼՂՀ նախկին վարչապետ)  ու Արթուր Աղաբեկյանը (ԼՂՀ նախկին փոխվարչապետ), որոնք ժամանակին պատերազմել են Ղարաբաղի անվտանգության համար, տարբեր ժամանակներում խոսել են Ադրբեջանի հետ «ջրային հրադադարի» մասին:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հումանիտար համագործակցության վերաբերյալ երկու առաջարկ է ներկայացրել, որոնք  կարող են քննարկման առարկա դառնալ ապրիլի 15-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Այսպիսով, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար Արայիկ Հարությունյանն առաջարկում է Արցախի օդային տարածքը բացել միջազգային թռիչքների համար և Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները:

Հետաքրքրական է, որ վերջին նախադասությունը Ղարաբաղյան դիսկուրսում նոր չէ:  Դեռևս 2013 թ. օգոստոսին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը բարձրաձայնեց Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները, ինչպես նաև Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերն, Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին: «Սարսանգի ջրամբարի հնարավորություններն ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվի և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Արթուր Աղաբեկյանը:

Նա խոսում էր  Ղարաբաղի` սահմանային համագործակցության պատրաստակամության  և ազգերին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին, կրկին նշենք՝ 2013 թվականին:

2015 թվականին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Արցախին և Ադրբեջանին Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու հարցում: Ուորլիքն իր Instagram-ի էջում գրել է.  «Մենք պետք է երաշխավորենք, որ ջրամբարը շարունակի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապահովել անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայով։ Կարևոր է նաև, որ ջրամբարն անվտանգ լինի, և Ադրբեջանում հոսանքի ներքևում գտնվողները ջուր ունենան, երբ դա անհրաժեշտ է: Սա երկուստեք շահավետ առաջարկ է: Ինչո՞ւ կողմերը չեն կարող համագործակցել, երբ դա բխում է նրանց փոխադարձ շահերից»:

Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ  այդպիսի խոսակցություններ էին տեղի ունենում, Ադրբեջանի Տերտերի շրջանի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում` պահանջելով, որ տեղական իշխանությունները ջուր մատակարարեն գյուղատնտեսական գործունեության համար: Սակայն պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում էր համագործակցել`քաղաքական դրդապատճառներ առաջ քաշելով, որոնցից մեկն այն էր,որ  Բաքուն հրաժարվում է բանակցել «անջատողականների» հետ:

2016 թ. Սարսանգի ջրամբարի հարցը  հասավ Ստրասբուրգ` ԵԽԽՎ նստաշրջան: Պաշտոնական Բաքվի  կողմնակից ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)  բանաձև ներկայացրեց՝ ասելով, որ ջրամբարի պատասխանատուները «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կանխամտածված կերպով զրկում են ջրից»:

Ըստ երևույթին, նա անտեսեց երեք տարի շարունակվող խոսակցություններն առ այն, որ Արցախը պատրաստ է տրամադրել ադրբեջանցիներին Սարսանգի ջրային ռեսուրսները, այդ թվում հայտարարությունը`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով:

Իսկ Արայիկ Հարությունյանի (ով պատրաստվում է զարգացնել իր քաղաքական կարիերան Արցախում) վերջին հայտարարությունները հիշեցում են աշխարհին, որ Արցախի՝ խաղաղության հասնելու ձգտումներն ինքնանպատակ չեն. Արցախն առաջարկում է կոնկրետ գործողություններ:

Արցախի` Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործելու պատրաստակամությունը կոնկրետ քայլ է, որն անտեսվում է Ադրբեջանի իշխանությունների, բայց ոչ սովորական ադրբեջանցիների, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից, որոնք կարող էին լուծել իրենց գյուղատնտեսական խնդիրները:

Դեռևս 1992-ին հակամարտող Վրաստանն ու Աբխազիան կարողացան համաձայնության գալ Աբխազիայի և Վրաստանի սահմանին գտնվող Ինգուրի հիդրոէլեկտրակայանի համատեղ օգտագործման շուրջ: Թերևս վրաց-աբխազական հակամարտությունն այս որոշմամբ  չկարգավորվեց, սակայն դրանով լուծվեց կարևոր մարդասիրական հարցերից մեկը` դառնալով նաև վրաց-աբխազական երկխոսության հարթակ:

Այսպիսով, ո՞ւմ է այս տարածաշրջանում ավելի շատ խաղաղություն հարկավոր: Սա հարց է, որը պատասխան չի պահանջում: Քաղաքակիրթ հասարակությունում խաղաղությունն ու բարեկեցությունը բոլորին են անհրաժեշտ:

Կդառնա՞ արդյոք  Արցախի կողմից բազմիցս  առաջարկվող «ջրային հրադադարը» տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարթակ՝ կախված է բանակցողներից և քաղաքական գործիչներից: Սակայն ժամանակն է սթափ գնահատել բոլոր իրողությունները`  ինչպես քաղաքական, այնպես էլ մարդասիրական. դա միանշանակ է: Միանշանակ է նաև այն փաստը, որ չպետք է դադարել խաղաղություն առաջարկել նրանց, ովքեր ցանկանում են պատերազմել ...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: