ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ Էրդողանը շարունակում է իր ցեղասպան նախնիների գործելաոճը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ դիմեց պատմական փաստերի աղավաղման քաղաքականությանը: 

«Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ Էրդողանը, զարգացնելով իր կողմից տարվող մերժողականության քաղաքականությունը, փորձեց արդարացնել երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունը՝ հայտարարելով, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»: 

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ հայերին պիտակավորելով որպես «բռնություններ իրականացրած հրոսակախումբ» և այդ համատեքստում նրանց կոտորածներն «առավել ողջամիտ գործողություն» որակելով, Էրդողանը,  փաստացի, ընդունեց, որ Հայոց Ցեղասպանությունն Օսմանյան կայսրության պլանավորված քաղաքականություն է եղել: 

Առավել վտանգավոր է, սակայն, այն հանգամանքը, որ մահմեդական աշխարհին համախմբելու փորձեր անող Էրդողանն այժմ փորձում է կրոնական երանգ հաղորդել իր որդեգրած քաղաքականությանը՝ քրիստոնյաներին ներկայացնելով որպես ոճրագործներ, իսկ մահմեդականներին` զոհեր: Դրան էր ուղղված նաև Խաչակրաց արշավանքների հիշատակումը:  

Փաստացի Էրդողանը ոչ միայն չի պատրաստվում առերեսվել սեփական պատմությանը, այլ նաև պարբերաբար մեղադրում ու սպառնում է այն երկրներին,  որոնք ընդունում են ճշմարտությունը ու դատապարտում հայերի դեմ իրականցրած ոճրագործությունները: Իսկ այժմ էլ փորձում է այս հարցի ներքո իր շուրջը համախմբել մահմեդական երկրներին:

Թուրքիայի նման ագրեսիվ մերժողականությունն ու տարվող քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն արդարության վերականգնման, այլև անվտանգության և նման ողբերգությունների կանխարգելման հարց է:

Հետևաբար` Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ակտիվ ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ` ամեն կերպ բացառելով հարցի հնարավոր կրոնական և քաղաքական երանգավորումը: 

 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: