ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոյի դասերը աշխարհի և հայերի համար

Vestnikkavkaza

Կոսովոյի հակամարտությունը, որը աշխարհի շատ երկրներ համարում են լուծված՝ աշխարհի 100-ից ավելի երկրների կողմից նրա անկախության ճանաչման շնորհիվ, այժմ կրկին սպառնում է դառնալ աշխարհի նորությունների թոփ-թեման: Կոսովոյի իշխանությունները հայտարարել են Ալբանիային միանալու հնարավորության մասին: «Մեծ Ալբանիա» գաղափարը նորից հայտնվել է եվրոպական ԶԼՄ-ների կիզակետում՝ բնականաբար, խառնաշփոթի մատնելով Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրներին:

Այս թեման կարծես Հայաստանի և Արցախի «կողքով անցավ». չհնչեցին քաղաքական գնահատականներ, թեմային պատշաճ ուշադրություն չհատկացվեց նաև վերլուծաբանների  և լրատվամիջոցների կողմից: Անկախ պնդումներից, որ «Կոսովոն նախադեպ չէ» մյուս հակամարտությունների համար, Կոսովոն կշարունակի նախադեպ մնալ ողջ աշխարհի համար, քանի որ երկակի ստանդարտներն ու օրենքների ընտրողական կիրառումն անընդունելի է:

Դեռ նախորդ տարի Ալբանիայի և Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին «2025 թվականին ալբանացիների միավորման միասնական ռազմավարություն» մշակելու մտադրության մասին: Կոսովոյի Պեչ քաղաքում ծրագիրը հրապարակել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նա կոչ է արել Կոսովոյի վարչապետին աշխատանք սկսել «Ալբանիայի և Կոսովոյի միավորման ազգային ծրագրի» շուրջ: Ռաման ասել է, որ Ալբանիան և Կոսովոն «հոգնել են սպասել ԵՄ-ի կողմից Կոսովոյի համար մուտքի արտոնագրային ռեժիմը ազատականացնելուն» և, ընդհանրապես, «չի կարելի անվերջ սպասել Եվրամիության որոշմանը`երկու երկրների միավորման մասով»:

2019 թվականի հունվարի 1-ին Ալբանիայի և Կոսովոյի սահմանին հաստատվեց համատեղ վերահսկողություն: Ալբանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դա արվել է «դյուրացնելու Ալբանիայի և Կոսովոյի միջև ազատ տեղաշարժը»: Հետագայում կողմերը մտադիր են միավորել իրենց օտարերկրյա դիվանագիտական ​​հաստատությունները և այլ երկրներում ունենալ ընդհանուր դեսպանատներ: Արդյոք դա «միացում» չէ՞, որի մասին հայ ժողովուրդը երազում էր Ղարաբաղյան շարժման նախաշեմին: Այնուամենայնիվ ... «ինչը թույլատրվում է ալբանացիներին, հայերին չի՞ կարելի»: Սակայն, ինչպես ասում են արևմտյան պաշտոնյաները, Կոսովոն «նախադեպ չէ»:

Ինչպես գրում է Koha ditore-ը, Կոսովոյի արտգործնախարարի  նախաձեռնությամբ Պրիշտինան և Տիրանան կզբաղվեն «Ալբանական ազգն առաջիկա 50 տարիներին» խորագրով ուսումնասիրության նախապատրաստությամբ, որը պետք է դառնա «Բալկաններում ալբանական ազգի զարգացման և ամրապնդման հարթակ»: Ալբանիայի վարչապետը նույնիսկ հայտարարել է, որ միավորումն անխուսափելի է, և հարցն այն է, թե արդյո՞ք դա տեղի կունենա «Եվրամիության միասնական ինտեգրման միջոցով», թե՞ կդառնա արձագանք «Եվրամիության կուրությանը և ծուլությանը»:

Գուցե, Կոսովոյի անկախությունը ճանաչած «կույր» երկրները կհասկանա՞ն, որ Կոսովոյի բնակիչներին իրականում անկախություն չէր պետք: Հնարավոր է, նրանց ավելի լա՞վ է հաջողվել հաղթահարել «անկախությունից»  «միացում» տանող անցումային շրջանը:  Կամ, թերևս ամենակարևոր հարցը՝ գուցե այդ ժամանակ Կոսովոյի անկախությունը ձեռնտո՞ւ էր աշխարհի հզորներին, այդ պատճառով էլ այդ գաղափարը դարձավ իրականություն: Հիշեցնենք, որ արևմտյան ղեկավարները բազմիցս խոսել են Կոսովոյի «առանձնահատուկ» և եզակի լինելու մասին` նշելով Հարավսլավիայի անկումը, էթնիկ զտումները և ՄԱԿ-ի հովանավորչությունը:

Սակայն Ղարաբաղյան շարժումը ևս սկիզբ է առել ԽՍՀՄ փլուզումից հետո, այնտեղ ևս  էթնիկ հողի վրա սպանում էին, ռմբակոծում էին քաղաքներ և գյուղեր: Այնտեղ ՄԱԿ-ի միջամտությունը չկար, և ինքնուրույն էր կազմակերպվում պաշտպանությունը: Սակայն ընդհանուր առմամբ, Կոսովոն շատ լավ «նախադեպ» կարող է լինել այնպիսի դեպքերում, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղն է:

Ընդ որում, Կոսովոյի հարցի կարգավորման բանակցությունների ընթացքում երեք հիմնական սկզբունքներ են համաձայնեցվել. Կոսովոն չի կարող վերադարձվել Սերբիայի հսկողության տակ, չի կարող բաժանվել և չի կարող միանալ այլ պետության: Կոսովոյի՝ Ալբանիային միանալու մասին այսօրվա հայտարարությունները (ինչպեսև նախորդները), խոսում են այն մասին, որ Կոսովոյի և Ալբանիայի ալբանացիները, ինչպես նաև ՄԱԿ-ի և աշխարհի այլ երկրների ներկայացուցիչները, ովքեր ճանաչել են Կոսովոյի անկախությունը, առնվազն անկեղծ չէին Կոսովոյի ինքնիշխանության հարցում:

Եթե այդ երկրները անկեղծ լինեին, այսօր նրանք հետ կկանչեին Կոսովոյի անկախության ճանաչումը, չէ՞ որ, այդ երկիրը, պաշտոնական մակարդակով, հայտարարում է, որ չի ցանկանում անկախ լինել: Միթե՞ ժամանակակից համաշխարհային կարգը «ցնցած» Կոսովոյի նախադեպը նորից կսասանի Եվրոպան`հանուն «մեծ ալբանական» հավակնությունների:

Հուլիսի սկզբին Բելգրադը և Պրիշտինան բանակցությունների նոր փորձ են պլանավորում, որի ընթացքում, ինչպես և սպասվում է, Արևմուտքը Կոսովոյի հարցում կներկայացնի «ճանապարհային քարտեզ», որը թույլ կտա երկու կողմերին պահպանել գործողությունների ազատությունը նշված շրջանակներում: Շատ տարիներ առաջ՝ Կոսովոյի անկախության նախաշեմին, Ալբանիայի այն ժամանակվա վարչապետ Սալի Բերիշան հայտարարել էր, որ «Կոսովոյի՝ Ալբանիային միանալու գաղափարը չի համապատասխանում Ալբանիայի ժողովրդի շահերին և կարող է միայն վնաս հասցնել»: Նրա խոսքերով, սահմանների վերաբաշխման դեպքում, ալբանացիները կարող են կորցնել այլ տարածքներ, ինչը «աններելի կլինի»:

Այժմ, միջազգային հարաբերությունների փոխվելուն զուգընթաց փոխվել է նաև միջազգային դերակատարների հռետորաբանությունը: Սա հիանալի օրինակ է Հայաստանի և Արցախի իշխանությունների համար, որոնք պետք է կարողանան խոսել աշխարհի հետ հասկանալի լեզվով և իրենց շահերն առաջ տանեն: Եվ մենք ունենք մեկ հետաքրքրություն, որը պետք է դրվի մեր հռետորաբանության հիմքում. Հայաստանը և Արցախը պետք է միասին լինեն: Քանի որ միայն միասին կարելի է այսօր դիմակայել Ադրբեջանի անթաքույց ռազմական ագրեսիային: Եվ աշխարհը, կամ, օրինակ, ՄԱԿ-ը, պետք է օգնեն մեզ այս հարցում, քանի որ  Կոսովոն  եղել է, կա, և դեռ կլինի նախադեպ՝ բազմաթիվ միջազգային հարցերում՝ անկախությունից մինչև «միացում» ...

Եվ այսօր, քաղաքական շրջանակները, խորհրդարանական դիվանագիտությունը, քաղաքական ուժերի կապերը, ակադեմիական համայնքը, լրատվամիջոցները և վերլուծաբանները բոլոր մակարդակներում պետք է ուժեղացնեն իրենց ջանքերը՝ բոլոր հնարավոր գործընկերային կապերի և այլ խողողվակների միջոցով, հասցնելով ճշմարտությունը որոշում կայացնողներից մինչև միջազգային հանրություն, որ այն ինչ տեղի է ունենում Կոսովոյում այսպես թե այնպես չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն չվերաբերել Արցախին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: