ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Baltic Times ամսագրում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը

Լատվիական հեղինակավոր “The Baltic Times” ամսագրում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը։ 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը, բնօրինակը հասանելի է հետևյալ հղումով:
Ընդհանուր անցյալը նպաստել է հայերին և բալթյան ազգերին միմյանց ավելի լավ ճանաչելուն

Չնայած Հայաստանը շատերի համար կարող է չափազանց հեռու թվալ՝ Հայաստանի և Բալթյան երկրների միջև արտացոլվող պատմական արձագանքներ գտնելու տեսանկյունից, բայց որքան էլ, որ զարմանալի է անցյալը մեկ անգամ չէ Հայաստանին, Լիտվային, Լատվիային և Էստոնիային դարերի ընթացքում դրել միևնույն պատմական խաչմերուկների վրա: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը սիրով համաձայնել է զրուցել “The Baltic Times” ամսագրի հետ և այս կողմում գտնվողների համար բացահայտել Հայաստանը։

Հարց․Կարո՞ղ եք մի փոքր ներկայացնել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Հայաստանի մասին տեղեկատվությունը տարածում բալթյան երկրներում:

Տիգրան Մկրտչյան․ Հուսով եմ, որ ՀՀ դեսպանությունը նշանակալի դեր է խաղում մեր երկիրը բալթյան երկրներում ներկայացնելու գործում։ Հայաստանի, հայերի և մեր մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը և ընկալումը խորացնելու համար մենք տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում։ Մեր միջոցառումները սովորաբար երկու տեսակի են լինում։ Կան միջոցառումներ, որոնք Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարբեր քաղաքներում անց են կացվում մի քանի անգամ։ Օրինակ, այնպիսի ցուցահանդեսներ, ինչպիսիք են՝ «Հայաստանի պատմական քարտեզները» և «Հայկական միջնադարյան եկեղեցիները», ֆիլմերի ցուցադրություններ, ինչպիսին է «Խոստումը» (2017): Կան նաև որոշ միջոցառումներ, որոնք եզակի են և կարող են անցկացվել միայն մեկ անգամ։ Մեր դեսպանությունը գտնվում է Վիլնյուսում, սակայն մեր նպատակն է հավասարապես տեսանելի լինել և՛ Վիլնյուսում, և՛ Ռիգայում, և՛ Տալլինում։ Մենք ջանք չենք խնայում ներկայացնելու լավագույն հայկական երաժշտությունը, արվեստը, գրականությունը և հրավիրելու լավագույն արվեստագետներին: Կցանկանայի նաև նշել, որ մեր միջոցառումների նկատմամբ լրատվամիջոցների հավելյալ ուշադրությունը Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու գործում հսկայական աջակցություն է։

Հարց․Կարո՞ղ եք խոսել բալթյան երկրների և Հայաստանի միջև առևտրի ծավալների մասին։ Ինչպիսի՞ն են զարգացման միտումները։

Տիգրան Մկրտչյան․ Հայաստանը և բալթյան երկրները նպատակ են հետապնդում ամրապնդելու  տնտեսական համագործակցությունը հատկապես Հայաստանի և ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված համագործակցության» համաձայնագրի վավերացումից հետո։ Պետությունները հիմնականում հետաքրքրված են սննդամթերքի, էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգիայի սարքավորումների, ՏՏ ու լոգիստիկ ծառայությունների արտահանմամբ։ Պետք է նշեմ, որ 2015 թվականից առևտրի ծավալը երկնիշ աճ է արձանագրել։ Այս տարի մենք արդեն ունենք ներդրումային ծրագրեր ՏՏ և էներգետիկ ոլորտներում։ Բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներն ամենամեծ ներուժն ու առաջնահերթությունն ունեն երկկողմ առևտրի զարգացման համար։

Հարց․ Ինչո՞ւ արժե այցելել Հայաստան այս տարի։ Ի՞նչ բացառիկ միջոցառումներ կցանկանայիք նշել։

Անկախ տարվա եղանակից՝ Հայաստանը զբոսաշրջիկների համար բազմաթիվ տեսարժան վայրեր ունի։ Այն փոքր, բայց հիասքանչ երկիր է, որն ունի հարուստ մշակութային և պատմական ժառանգություն, ներառյալ աշխարհի հնագույն եկեղեցիները և վանքերը, ինչպես նաև ապշեցուցիչ լեռնային լանդշաֆտներ։ Մասնավորապես, էկոտուրիզմը և ուխտագնացությունները ամեն տարի Հայաստան հազարավոր զբոսաշրջիկների են բերում։

Քանի որ անդրադարձ եղավ միջոցառումներին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի տարբեր քաղաքներում տարեկան ավելի քան 40 փառատոն է անցկացվում: Օրինակ, գինու և սննդի սիրահարները անպայման պետք է մասնակցեն  գինու փառատոնին, որն անց է կացվում «Երևանի Գինու Օրերի» շրջանակներում մայիսին, կամ դոլմայի փառատոնին սովորեն պատրաստել հայկական ավանդական դոլմա ուտեստը, որը նույնպես տեղի է ունենում մայիսին։ Նրանց համար, ովքեր չեն կարող մասնակցել գինու մայիսյան փառատոնին, կա այլընտրանքային տարբերակ՝ հոկտեմբերին՝ «Արենի գինու փառատոնը»։ Ինչ վերաբերում է մշակութային իրադարձություններին, ապա այս տարին բացառիկ է, քանի որ մենք նշում ենք  հռչակավոր երգահան Կոմիտաս վարդապետի և ոչ պակաս հայտնի բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք նաև ներառված են 2018-2019 թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ նշանավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ցանկում: Այդ իսկ պատճառով Հայաստանում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների մեծ մասը նվիրված է այս երկու անձնավորություններին։

Հուլիսին տեղի է ունենում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, որը Երևան է բերում կինոարտադրության բազմաթիվ հեղինակավոր գործիչների և կինոսիրահարների։ Այսօրվա դրությամբ Հայաստանը դարձել է ջազի սիրահարների այցելության ամենացանկալի վայրերից մեկը, և ամեն տարի ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, ջազի լավագույն վարպետները գալիս են Երևան։ Հիշատակման են արժանի ևս 2 երաժշտական միջոցառումներ՝ Արամ Խաչատրյանի միջազգային 15-րդ փառատոնը (դաշնամուր) հունիսին և Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որոնք անցկացվում են մայիսի վերջին և հունիսի սկզբին։ Նրանց համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ և կրթությամբ, հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին անց է կացվելու “Sevan Startup Summit”-ը։

Հայաստանը տարածաշրջանում դարձել է ՏՏ հանգույց և այս ու նման այլ միջոցոցառումները ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներին Հայաստան են բերում։ Հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես 2019-ը լինելու է գիտական գլխավոր իրադարձություններից մեկը։  Իհարկե, սեպտեմբերին նշվելու է նաև իմ հարազատ Երևանի պետական համալսարանի 100-ամյակը։ Կցանկանայի նաև ընդգծել, որ 2018թ. Հայաստանն ընդունել է իր պատմության ամենամեծ միջազգային իրադարձությունը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը՝ ավելի քան 80 պետությունների պատվիրակություններով։ Գագաթաժողովի կազմակերպումը ահռելի հաջողություն էր և մեծացրեց Հայաստանի հեղինակությունն աշխարհում։

Բալթյան երկրներում շատերն են վայելում հայկական խոհանոցն ու հատկապես գինին։ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ի՞նչ հայկական ռեստորաններ, գինու վաճառակետեր խորհուրդ կտաք այցելել։

Շատ երկրներում, և բալթյան երկրներն էլ բացառություն չեն, հնարավոր է համտեսել իրական հայկական խոհանոցն ու փորձել հայկական գինի, քանի որ աշխարհով մեկ սփռված հայերի համար չափազանց կարևոր է տեղերում ունենալ իրենց համեղ ազգային խոհանոցի կետերը։ Բոլոր երեք երկրներում մեր հյուրերին ես սովորաբար հայկական ռեստորաններ եմ հրավիրում: Վիլնյուսում կցանկանայի նշել «Ախթամար» և «Պլենտո գրիլ» ռեստորանները, որտեղ ուտեստները բացառիկ համ ունեն, և միջավայրը շատ հաճելի է։ «Պլենտո գրիլ»-ը նաև վայր է համտեսելու հայկական գինիների հսկա տեսականին։ Կցանկանայի նշել նաև «Արարատ»-ը, որը Վիլնյուսում և Շաուլյայում շատերի կողմից սիրված ռեստորանների ցանց է։

Վիլնյուսին մոտ է գտնվում նաև «Արաքս»-ը, այցելության ևս մեկ հաճելի վայր: Եթե ցանկանում եք համտեսել Վիլնյուսի ամենահամեղ փախլավան իր ամենատարբեր դրսևորումներով, ապա այն կարող եք պատվիրել granatas.lt առցանց խմորեղենի խանութից։ Kilikija արտադրամասի կողմից է արտադրվում հայկական հացը՝ լավաշը, որն այդքան շատ սիրված է լիտվացիների կողմից։ Կլայպեդայում կա երկու շատ լավ ռեստորան՝ «Pepper Grey»-ն ու Արարատ-ը։ Ռիգայում ես կառանձնացնեի «Արմենիա»-ն և «Էրեբունի»-ն: Նաև հավանում եմ «Արագած»-ը, որը հարմարավետ ընտանեկան մթնոլորտ է առաջարկում քաղաքի կենտրոնում։ Ինչ վերաբերում է Տալլինին, ապա կցանկանայի նշել «Kinza-ն և «Noy City»-ն, որոնք երկուսն էլ հիանալի վայրեր են։ Թույլ տվեք ընդգծել նաև, որ այս բոլոր վերը նշված ռեստորաններն ունեն երկու կարևոր հաճելի առանձնահատկություններ՝ համեղ կերակուր և ջերմ հյուրընկալություն։

Հարց․ Ո՞րն է Ձեր ամենամեծ հաճելի բացահայտումը բալթյան երկրների մասին։

Ինձ համար ամենամեծ և ողջունելի բացահայտումներից մեկը, իհարկե, Հայաստանի և հայերի վերաբերյալ լիտվացիների, լատվիացիների և էստոնացիների տեղեկացվածության բարձր մակարդակն է։ Հավանաբար, սա երկար պատմություն ունի։ Օրինակ, եղել են հայեր, որոնք մասնակցել են 1410թ. Գրյունվալդի (Ժալգիրիսի) ճակատամարտին, հայերենը նաև պաշտոնական վեց լեզուներից մեկն էր, որն օգտագործվել է Լիտվայի Մեծ դքսությունում դատավարական ընթացակարգերի ժամանակ: 19-րդ դարում հարյուրավոր հայեր, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանը և այլ ապագա հռչակավոր անձինք, սովորել են Տարտուում։ Նրանք  Հայաստանի մասին իրենց գիտելիքները բերել են Էստոնիա, ինչպես նաև իրենց հետ Հայաստան տարել այն, ինչ սովորել են այստեղ։

19-րդ վերջին և  20-րդ դարի սկզբին լատվիացի հռչակավոր բանաստեղծ Յանիս Ռեյնիսը և հաջորդ սերնդի մեկ այլ բանաստեղծ՝ Մարիիս Չակլայսը, Հայաստանի և հայերի մասին տեղեկությունները տարածել են Լատվիաում: 20-րդ դարի համատեղ անցյալը նույնպես օգնեց մեր ժողովուրդներին ճանաչել միմյանց: Եվ մեր օրերում մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում իրենց հասարակություններում և նպաստում են իրենց երկրների զարգացմանը` մեծ աջակցություն ցուցաբերելով դեսպանության գործունեությանը: Միևնույն ժամանակ, հայկական համայնքների ներկայացուցիչները նաև պահպանում են իրենց հայկական ինքնությունը: Այս գործում անգնահատելի դեր է խաղում Ռիգայում գտնվող Հայ առաքելական եկեղեցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: