ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խաղաղության աղբյուր». ի՞նչ է կատարվում Սիրիայի հյուսիսում

Khalil Ashawi/Reuters

Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է Թուրքիայի ռազմական գործողությունը քրդերի դեմ, որը սկսվել էր հոկտեմբերի 9-ին: Թուրքական զորքերը բավականին արագ առաջ են գնում դեպի Սիրիայի խորք. հոկտեմբերի 10-ին «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում Թուրքիան վերահսկողություն հաստատեց Ռաս ալ-Այն քաղաքի նկատմամբ, հոկտեմբերի 11-ին գրավեց ևս մեկ կարևոր բնակավայր՝ Թել Աբյադը: Բացի այդ, թուրքերը վերահսկողություն էին հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասեկե մայրուղին, որը երկրի հյուսիսարևելյան նահանգները միացնում է Սիրիայի մյուս շրջանների հետ: Թուրքիան հայտարարել է այս ընթացքում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորման (Անկարան համարում է ահաբեկչական) մոտ 600 զինյալի ոչնչացման մասին: Սակայն վերջին օրերին քրդերը հաջողություններ են գրանցում մարտերում՝ վերականգնել են վերահսկողությունը Հալեպ-Հասեկե մայրուղու նկատմամբ, լրատվամիջոցների փոխանցմամբ հետ են գրավել նաև Ռաս-ալ-Այն քաղաքը:

Հոկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարության և երկրի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական ինքնավար վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որոշակի խոչընդոտներ է առաջացնում թուրքական առաջխաղացման համար: Այդ պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի կառավարական զորքերը հոկտեմբերի 14-ին սկսել են շարժվել դեպի Թուրքիայի սահման: Ասադի զորքերն արդեն մտել են Հասեկե, Քամիշլի, Տաբկա և ռազմավարական նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքները և շարունակում են շարժվել առաջ: 

Սա, կարելի է ասել, բեկումնային պահ է սիրիական հակամարտության համար, քանի որ 2013 թվականից հետո Դամասկոսն առաջին անգամ վերահսկողություն է հաստատում երկրի հյուսիս-արևելքում, այն էլ ոչ թե ռազմական գործողության արդյունքում, այլ այդ շրջանները վերահսկող քրդական ուժերի հրավերով: Սա էականորեն կամրապնդի Ասադի իշխանությունը երկրի տարածքում՝ միևնույն ժամանակ մեծացնելով Սիրիայի կառավարական զորքերի և Թուրքիայի առաջնորդած ուժերի միջև ուղղակի բախումների հավանականությունը: Թեև էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը Մանբիջը գրավելու գործողություն չեն իրականացնի (այս քաղաքը Թուրքիայի թիրախում էր նաև նախորդ գործողությունների ժամանակ), քանի որ այնտեղ մտնել են օրինական արաբ տերերը (Սիրիայի կառավարական զորքերը), սակայն տեղեկություններ կան, որ սիրիական ընդդիմությունը, որն ակտիվ համագործացում է Թուրքիայի հետ, հարձակում է սկսել Մանբիջի ուղղությամբ:

Թուրք-սիրիական բախումների հավանականությունը պայմանավորված կլինի այժմ ռուս-թուրքական պայմանավորվածություններով: Սիրիական բանակում ռուսների ազդեցությունը բավականին մեծ է և որոշիչ, ուստի քրդերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և երկրի հյուսիս-արևելքում սիրիական բանակի գործողությունները չեն կարող լինել առանց Մոսկվայի հավանության: Թուրքիայի համար այժմ սիրիական բանակի հետ բախումների մեջ մտնելը կնշանակի խնդիրներ նաև Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ ԱՄՆ հետ հարաբերություններում դեռ ամեն ինչ չէ, որ կարգավորված է: Թեև Թրամփի վարչակազմը թուրքական գործողությանը սկզբնական շրջանում լուռ համաձայնություն էր տվել, սակայն այժմ հնարավոր ամեն կերպ նշում է, որ թուրքերի համար ինքը կանաչ լույս չի վառել, քրդերին մենակ չի թողել և նույնիսկ սպառնում է փլուզել թուրքական տնտեսությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հոկտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագել Թուրքիայի կառավարության հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նշվում է, որ պատժամիջոցների տակ արդեն հայտնվել են Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է Թուրքիայի հետ բանակցությունները 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ և 50 տոկոսով բարձրացնում է պողպատի սակագինը:

Հաշվի առնելով, որ Թրամփը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան գործողության շրջանակներում անցնի ԱՄՆ համար կարմիր գծերը՝ կարելի է ենթադրել, որ այդ կարմիր գծերը Թուրքիան արդեն անցել է: 

ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր քրդերի և Դամասկոսի միջև պայմանավորվածության մասին տեղեկությունը, ինչպես նաև լրատվամիջոցները հաղորդում էին քրդերի կողմից բանտերում գտնվող ԻՊ զինյալներին ազատելու մասին:

Դամասկոսի և քրդերի միջև պայմանավորվածությունը բավականի հետաքրքրիր է և կարող է էական նշանակություն ունենալ Սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում: Քրդերի և Ասադի իշխանության միջև բանակցություններ էին ընթանում ԱՄՆ կողմից Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից հետո: Սակայն ամիսներ տևած բանակցություններն արդյունք չէին տալիս. Դամասկոսը չէր համաձայնում երկրի հյուսիս-արևելքում վերահսկողություն հաստատելու դիմաց քրդերին լայն ինքնավարություն տալ: Նշենք, որ վերջինս բավականին շահեկան կարող էր լինել ԱՄՆ համար՝ տարածաշրջանում ամրապնդելու համար ԱՄՆ դիրքերը, ինչպես դա եղավ Իրաքում քրդերին ինքնավարություն տրամադրելու դեպքում:

Այժմ անհասկանալի է, թե ինչի դիմաց են քրդերը համաձայնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում սիրիական կառավարական զորքերի հաստատմանը: Սակայն, ըստ էության, գինը, որը վճարել են քրդերը սիրիական զորքերի օգնության դիմաց, որոշիչ է լինելու թուրքական գործողության ելքի և սիրիական հակամարտության կարգավորման համար: 

Նշենք, որ այս պայմանավորվածությունից ելնելով՝ թուրքական գործողությանը միջազգային արձագանքը որոշակիորեն փոխվել է: Ինչպես հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ-ն կտրականապես դեմ էր հանդես գալիս Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությանը՝ այդ թվում վախենալով, որ այն կհանգեցնի Ասադի և Ռուսաստանի հետ քրդերի համագործակցության խորացմանը:  Իսկ Մոսկվայում արդեն հայտարարում են, որ թուրքական գործողությունը չի տեղավորվում Սիրիայի տարածքային ամբողջականության կոնցեպտի մեջ, և որ Թուրքիայի և Ասադի զորքերի բախումներն անթույլատրելի են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջազգային հանրության անգամ քննադատական հայտարարությունները պայմանավորված չեն Սիրիայի քրդերի ֆիզիկական անվտանգության մասին մտահոգություններով, միջազգային հանրությունը մեծ հաշվով դասեր չի քաղել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից և այժմ, երբ մեկ դար հետո նույն իրավիճակում հայտնվել են քրդերը, առաջ է շարժվում նույն ձեռագրով:

Այսօր սիրիացի քրդերի ճակատագիրը մեծապես կախված է նրանց կատարած ընտրությունից՝ փոխելու արտաքին կողմնորոշումը և ակտիվացնելու համագործակցությունը հակառակ ճամբարի՝ Ասադի, Ռուաստանի և Իրանի հետ: Այժմ կուլիսային պայմանավորվածությունները ընթանալու են արդեն հաշվի առնելով այս փոփոխությունները:

Հայաստանը ևս պետք է իր գործողություններում հաշվի առնի դրանք և համապատասխան քայլեր իրականացնի Սիրիայի հյուսիսում բնակվող հայերի և ընդհանրապես սիրիահայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Միգուցե Ասադի զորքերի այդ տարածքներ մտնելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սիրիահայ համայնքի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի չբացահայտված խնդրանքը կատարելն անվտանգության որոշակի երաշխիքներ է ստեղծում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ռազմական գործողությունների ընթացքը յուրաքանչյուր պահի կարող է փոխվել՝ անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծելով՝ այդ թվում նաև այդ շրջաններում բնակվող հայերի համար, ինչը կարող է ՀՀ իշխանություններից լրացուցիչ քայլեր պահանջել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: