ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ

Նախորդ շաբաթվա վերջում վերջապես հրապարակվեցին այն լրագրողների անունները Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից, որոնք փոխադարձ այցեր էին կատարել՝ Արցախյան հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման միջոցառումների շրջանակներում:

Երեք կողմերի լրագրողներն էլ համացանցում նկարներ հրապարակեցին, Հայաստանից մեկնած երկու լրագրողները՝ Արտյոմ Երկանյանն ու Դավիթ Ալավերդյանն, սկսեցին հրապարակայնացնել որոշ տեղեկություններ իրենց այցի մասին: Բացի այդ, համացանցում իրենց տպավորություններն ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպումից սկսեցին կիսել նաև Երևանում նրանց հանդիպած հայ փորձագետները:

Այցի գաղտնիությանն արդեն իսկ անդրադարձել ենք, խոսենց մի քանի հիմնական գործոնների մասին, որոնք արժանի են ուշադրության:

Առաջինը, և որ ամենակարևորն է՝ Արցախի լիարժեք մասնակցությունն է գործընթացին: Հայկական պատվիրակության կազմում ներգրավված է եղել Արցախի Հանրային հեռուստատեսության լրագրող Էդգար Էլբակյանը, որի նույնիսկ պաշտոնի ներկայացումն այսօր բարդույթ է դարձել ադրբեջանական ԶԼՄ-երի համար, և վերջիններս փորձում են խուսափել Արցախի Հանրային հեռուստատեսության անվանումը նշելուց:

Շատ կարևոր է, որ ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ, և որ այցի կազմակերպմամբ՝ ԵԱՀԿ միջնորդությամբ, զբաղվել են անմիջապես Արցախի պետական գերատեսչությունները: Այլ հարց է, որ ադրբեջանցի լրագրողները, տեղադրելով իրենց նկարները համացանցում, զերծ չեն մնացել «Մեր հայրենի հողերը # Շուշա(Շուշի)» ոճի գրառումներից:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն առ այս պահը փորձում է խուսափել այցի մասին խոսելուց, չի բացառվում, որ սպասում է հայկական կողմի հրապարակումներին՝ դրանց համապատասխան սեփականները կառուցելու համար: Իր հարցազրույցում Արտյոմ Երկանյանը նշել է, որ նախապատրաստվել էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնական հայտարարություն այս այցի վերաբերյալ, որի հրապարակմանը, սակայն, դեմ է դուրս եկել ադրբեջանական կողմը: Արդյունքում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունն է հակիրճ գրառում կատարել Թվիթերում՝ ողջունելով միջոցառումը:

Նման քայլերի արդյունավետությանն անդրադառնալու համար պետք է մի շարք գործոններ հաշվի առնենք: Առաջինը, երեք կողմերը երբեք հավասար բացությամբ ու անկեղծության ներգրավված չեն լինելու գործընթացում, առնվազն այս պահին դա ակնհայտ է: Հայ լրագրողները նշում են, որ ադրբեջանական կողմի իրենց գործընկերներն ընդգծված բարյացակամ են եղել, շատ խիստ ընտրված և լավ պատրաստված: Եվ այդպես միշտ է լինելու, այդ հանդիպումներին դժվար թե ադրբեջանական կողմից որևէ անկեղծ կարծիք, սեփական միտք կամ անձնական վերաբերմունք հնչի: Ամեն քայլ մաս է պետական քաղաքականության,  ուրեմն արդյունքն էլ իրական չէ, այլ ծառայող Ադրբեջանի պետական քաղաքականությանը:

Եվ ի վերջո, գլոբալ Ադրբեջանի ներկայիս քաղաքականության և հռետորաբանության համատեսքտում այս ընդգծված կառուցողականությունն ու ամեն ինչ հարթ անցկացնելու ձգտումը ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն ունի այլ, հեռահար նպատակներ, որոնք դժվար թե հանրության խաղաղության պատրաստելու բարի ցանկության դրսևորում լինեն: Հերթական անգամ կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Բաքուն կարճաժամկետ կառուցողականության դիմակի տակ առաջ է տանում իր շահերը, ինչպես դա եղավ 2018թ.-ին, երբ Դուշանբեում, պայմանավորվելով պահպանել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը թե՛ տեղում, թե՛ բանակցային գործընթացում:

Այս ամենը բոլորովին չի նշանակում, որ պետք է խուսափել վտահության կառուցման միջոցառումներից, սակայն պետք չէ նաև դրանց հետ կապված չափազանցված սպասումներ ունենալ: Պետք է նման գործընթացներում նեգրավվել հստակ ռազմավարությամբ՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերն ու պատրաստ լինելով հակազդել հնարավոր մարտահրավերներին: Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունները նման բարդ խաղի. այսօր սա ավելի շատ հռետորական հարց է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: