ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. խորհուրդը և պատմական արժեքը

Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը: 

1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Այստեղ անգնահատելի է հատկապես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կատարած աշխատանքը, ով ջանք չխնայեց Մոսկվային համոզելու դրա անհրաժեշտության մեջ: 

1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Մրցույթին մասնակցեց ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագիծ` («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով): Սակայն ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Կառույցի վայրն ընտրել են հենց հեղինակները, հայտնում է genocide-museum.am-ը:

Հարկ է նշել, որ ամենևին էլ հեշտ չէր այդպիսի կարճ ժամանակահատվածում կառուցել հուշարձանը: Ըստ նախագծի՝ պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Առաջարկում էին քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չհամաձայնելով այդ տարբերակին՝  այլ լուծում են գտնում:

Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից:

Սակայն, Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաև այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչև 1967թ. նոյեմբերի 29-ը: Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում: Երևանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, որ այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կարեն Դեմիրճյանը գիտեր, թե եղեռնի հուշարձանի կառուցումն ինչ է նշանակում հայ ժողովրդի համար: Շինարարության բոլոր մասնակիցներն իրենց պատվի գործն էին համարում հուշարձանի կառույցն ավարտել ժամանակին և բարձր որակով: Չնայած դժվար աշխատանքին՝ 1967թ.-ին Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա բարձրացավ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, հայտնում է yhm.am-ը:

Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ.-ից ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Այդ օրվանից սկսած հուշահամալիրը դարձավ համայն հայության ուխտատեղի։ 

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում հուշարձանի կառուցումն ու բացումն աննախադեպ իրադարձություն էր: Այն, ինչի ականատես եղավ հայ ժողովուրդը Երևանում այդ օրը, հուզիչ էր և անմոռանալի: Սգո երթը վեր էր ածվել հաղթական քայլերթի: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ հաստատեց ի ցույց աշխարհի, որ կա, պիտի մնա և պայքարի մինչև արդարության հաղթանակը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ունի երեք հիմանական կառույցներ՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և հուշապատ:

Մինչև համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ  բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 1996թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև՝ կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ դրանք խորհրդանշում են Մեծ Հայքի 12 նահանգները:

Armenians mark 102nd anniversary of Genocide

Հավերժության տաճարի կողքին է գտնվում «Վերածնվող Հայաստան» հուշասյունը, որն ունի 44 մետր բարձրություն։ Այն բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր կոթողների, որոնք արտահայտում են ազգի վերածննդի գաղափարը։

1995թ. Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան): Այսօր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործում է որպես գիտահետազոտական կենտրոն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգում: 

Ծիծեռնակաբերդն իր կառուցման օրից դարձել է մայրաքաղաքի այցեքարտը:  Բարձունքում վեր խոյացած հուշարձանը XX դարի առաջին ցեղասպանության վառ վկայությունն է դարձել, որը թանգարանի հետ միասին պատգամում է սերունդներին չմոռանալ Ցեղասպանության մասին և պայքարել ճանաչման ու դատապարտման համար…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: