ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել իմ հայրենիքում: Ես իսկապես հույս ունեմ, որ մի օր ես կկատարեմ իմ ծնողների երազանքը և կայցելեմ Հայաստան», - ասել է Աննա Տեր-Վարդանյանը` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը:

Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 6-ին, Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում` հայ գաղթականների ընտանիքում:  1941-1942թթ.-ին սովորել է Դետրոյթի բիզնես համալսարանում, որի  ժամանակ զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում (WAAC)։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց լքելով կորպուսը` Տեր-Վարդանյանը «Կանայք՝ արտակարգ իրավիճակների կամավորական ծառայության համար» (WAVES) ծրագրով զինվորագրվել է երկրի ռազմածովային ուժերին։  Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրավված ռազմական գործում. քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

Զինվորագրվելուց հետո անհրաժեշտ վերապատրաստում անցնելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը վարչական պաշտոն է զբաղեցնում Իլինոյսում:  Այնուհետև 1946-1947 թթ.-ին ծառայության է անցնում Սան Ֆրանցիսկոյի ռազմածովային կայանում, որտեղ էլ արժանում է E-7 կոչմանը (նավատորմի ղեկավար): 1954-1956թթ.-ին սկսում է աշխատել Նյու Ջերսիում տեղակայված պարաշյուտիստների և աէրոգրաֆների դպրոցի աշխատակազմում:  1957թ.-ին արժանանում է E-8 կոչմանը (նավատորմի ավագ ղեկավար) և տեղափոխվում է   Բոստոնի հանրային տեղեկատվական գրասենյակ:

Գերագույն գլխավոր ավագ կոչումն Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում: Նա ԱՄՆ զինված ուժերում ծառայող առաջին կինն էր, ով արժանացել է E-9 կոչմանը։ Պաշտոնի բարձրացումից հետո Տեր-Վարդանյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում (Փարիզ) ԱՄՆ Ազգային ռազմական ներկայացուցչի պաշտոնում: Այդ պաշտոնում նա առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուն:

Ռազմածովային ուժերում իր ծառայության ավարտից հետո (1963թ.) Աննա Տեր-Վարդանյանը տեղափոխվել է Կենտրոնական Հետախուզական Վարչություն (CIA)` որպես կրտսեր վերլուծաբան, այնուհետև` հակահետախուզական հարցերի մասնագետ: Վարչությունում կատարած ծառայությունների մանրամասները մինչ այսօր գաղտնի են պահվում: «Ինձ համար այնտեղ հաճելի էր: Ես Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան էի. այդքանը»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Տեր-Վարդանյանը` խորհրդավոր ժպտալով:

Զինվորական ծառայության 20 տարիների ընթացքում Տեր-Վարդանյանը ծառայել է գրեթե ողջ ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյից և Վաշինգտոնից մինչև Բոստոն և Օհաու կղզի (Հավայի): Նա գերազանց տիրապետել է անգլերեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներին և որոշ չափով գիտեր իսպաներեն ու գերմաներեն:

Աննա Տեր-Վարդանյանը կյանքի ընթացքում շատ է ճանապարհորդել. պաշտոնական այցեր է կատարել Եգիպտոս, Թունիս և Ալժիր: Չնայած Հայաստանում լինելու մեծ ցանկությանը` նրան այդպես էլ չի հաջողվել այցելել իր հայրենիք: Իր ողջ կյանքն անվերապահորեն ծառայությանը նվիրելով` նա երբեք չի ամուսնացել: «Նա երբեք, երբեք չդադարեց ծառայել մինչև մահվան օրը»,- ասել է ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի բրիգադիր-գեներալ Ուիլմա Վոթը: 

Տեր-Վարդանյանը երեխաներ էլ չուներ, և իր կյանքի վերջին տարիներն ապրում էր զարմիկների հետ: Նա մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին 90 տարեկան հասակում և հուղարկավորվել է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:

Աննա Տեր-Վարդանյանն իր անբասիր ծառայության համար պարգևատրվել է Պաշտպանության ազգային մեդալով և այլ շքանշաններով։ Նա ԱՄՆ պատմության մեջ մինչ այժմ էլ հայտնի է որպես մեկը, ով ճանապարհ հարթեց Միացյալ Նահանգների զինված ուժերում կանանց մուտքի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: