Արդեն մեկ տարի է, ինչ Արցախում գործում է «Կենդանաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հասարակության լայն խավերին ընդգրկել համապատասխան աշխատանքներում և տալ լուծումներ բնապահպանության մի շարք հարցերի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է «Կենդանաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ողջ աշխարհում էկոլոգիական լուրջ խնդիր կա, որը պայմանավորված է գիտատեխնիկական առաջընթացով, տեխնոլոգիաների զարգացմամբ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում բնական համակարգերի վրա:
«Այդ հարցը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև Արցախում: Մեր կազմակերպության կարևորագույն խնդիրներից մեկը բնության պահպանության հարցերն են, ինչպես նաև դպրոցներում, կրթական այլ հաստատություններում, համապատասխան մասնագետների հետ էկոլոգիական դաստիարակության ձևավորումը, որպեսզի յուրաքանչյուր անհատ պատկերացում կազմի, թե ինչպես պետք է վերաբերվի բնությանը: Ունենք բուսատեսակներ և կենդանատեսակներ, որոնք գտնվում են անհետացման եզրին, որոնց հիմնական պատճառներն են անկանոն որսորդությունը, անտառահատումները, որսագողությունը և այլն: Ցավոք սրտի, Արցախում շատ քիչ կենդանաբաններ ունենք, որն էլ պատճառ է հանդիսանում ավելի երկար ժամկետում ստույգ վերլուծություններ իրականացնելու: Այս հարցում մենք համագործակցում ենք հայաստանյան մեր գործընկերների հետ և համատեղ իրականացնում մի շարք ծրագրեր, որի համար մենք երախտապարտ ենք: Ունենք նաև հրապարակված գրքեր: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ Արցախի կարմիր գրքի վերահրատարակումն է և այն օրինական դարձնելը: «Կարմիր գիրք»-ն այն պետական փաստաթուղթն է, որով էկոլոգիական երկրները կկարողանան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- մասնավորապես ասել է վ. Հայրապետյանը: