ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը բավականին կարևոր է Հայաստանի և Արցախի համար

Օրերս տեղեկատվություն տարածվեց առ այն, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն Ադամ Շիֆի նախագահությամբ հետախուզական թույլտվության մասին օրենքում ներառել է դրույթ (H.R.7856), որով ԱՄՆ հետախուզական հանրությանը կոչ է արվում Կոնգրեսին գրավոր գնահատական տրամադրել այն մասին, թե որ կողմն է նախաձեռնում ուժի կիրառում Արցախում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Սակայն հարկ է նշել, որ սույն օրինագիծը գտնվում է դեռևս օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ կոմիտեն արդեն իսկ համաձայնություն է տվել հետախուզական թույլտվության մասին օրենքին: Ներկայումս այն պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեները պետք է քննարկեն առկա տարաձայնությունները, այնուհետև՝ օրինագիծը պետք է ընդունվի երկու պալատների կողմից, ապա՝ այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո միայն այն կդառնա օրենք։

Նշենք, որ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր հետո Ազգային հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսի հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերությունների լարվածության գրավոր գնահատականը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Գնահատականը պետք է ներառի ներքոնշյալ կետերը՝

 

  1. հայ-ադրբեջանական տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում,
  2. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին 2020թ.-ի օրացույցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի փաստերի նկարագրությունը, ներառյալ՝ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը,
  3.  ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության ազդեցության գնահատումը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության շուրջ,
  4. առաջիկայում և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականության գնահատում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի խոսքով՝ այս կառուցողական նախաձեռնությունը, որը հիմնված է Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի վրա, կօգնի Կոնգրեսին պատասխանատվության ենթարկել Բաքվին, ստուգել նրա ժխտողականության փաստերը և նպաստել ավելի կայուն հրադադարի։

«Հետախուզական հանրության ավելի սևեռուն ուշադրությունը, Կոնգրեսի ավելի խիստ հսկողությունն ու լրացուցիչ հաշվետվողականությունը՝ կրակի աղբյուրը բացահայտող տեսասարքերի և ԵԱՀԿ դիտորդների տեսքով, անհրաժեշտ են, որպեսզի օգնեն կոտրել Բաքվի հարձակման անխոհեմ մոդելը», - ասել է նա:

Կարելի է ասել, որ այս օրինագիծը Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի շարունակությունն է: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ առաջարկելով

  1. բոլոր կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ,
  2. շփման գծի երկայնքով կրակի աղբյուրը հայտնաբերելու համար ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգերի և ձայնային տեղորոշման սարքավորումների տեղադրում,
  3. հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով:

Հարկ է նշել, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին համանախագահների մակարդակով համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս 2016թ.-ին: Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներով համաձայնություն էին ձեռք բերել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Հատկանշականն այն է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները տվել էին իրենց համաձայնությունը ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցում: Սակայն 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մնացին ստվերում: Այս կարևոր համաձայնությունները զրոյացնելուց հետո իշխանությունները սկսեցին դրանց մասին խոսել միայն 2020թ.-ի Տավուշյան դեպքերից հետո…

Ներկայացված օրինագիծը բավականին կարևոր է Հայաստանի և Արցախի համար: Ընդունման դեպքում այն կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար: Հետևաբար՝ նպատակահարմար կլինի, որ ՀՀ իշխանությունները ներքին խողովակներով իրենց նպաստն ունենան օրինագծի ընդունման հարցում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: