ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենատի ընդունած բանաձևը Ֆրանսիայում առկա տրամադրությունների ամփոփումն ու արտացոլումն էր. ՏԵՂԵԿԱՆՔ

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Նշենք, որ Սենատի կողմից ընդունված բանաձևերը չունեն պարտադիր իրավաբանական ուժ, դրանք խորհրդատվական բնույթի փաստաթղթեր են, որոնք գործադիրն ընդունում է ի գիտություն: Եվ, այնուամենայնիվ, բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և լավ հնարավորություն՝ Արցախի ճանաչման հարցում ճիշտ աշխատանքի դեպքում շոշափելի արդյունքի հասնելու համար:

Չնայած նրան, որ ընդունված փաստաթուղթը չունի պարտադիր իրավաբանական ուժ, այն մի շարք կարևոր դրույթներ է պարունակում: Այսպես՝

-          առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

-          դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,

-          պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար

-          արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը՝ հաշվի առնելոբ ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին:

Բանաձևի ընդունումը պատահական չէր. Ֆրանսիան պատերազմի սկզբից մինչև այսօր Հայաստանի ու Արցախի կողքին է: Ֆրանսիացի հարյուրավոր հասարակական, քաղաքական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ կոչով դիմել են կառավարությանը՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Եվ Սենատի երեկվա որոշումը նաև այս տրամադրությունների ամփոփումն է:

Փորձենք հնարավորինս հակիրճ տեղեկանքի տեսքով վերհիշել, թե ինչպիսին էր Ֆրանսիայի դիրքորոշումը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո և թե ինչպես այդ դիրքորոշումն իր ազդեցությունն ունեցավ վերոնշյալ բանաձևի ընդունման գործում:

***

Դեռ տավուշյան դեպքերի ժամանակ ֆրանսիական կողմը հերթական անգամ ընդգծել էր իր դիրքորոշումը, որ ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Հուլիսի 29-ին Ֆրանսիայի ԱԺ-ում այս մասին հայտարարել էր ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: «Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է գտնել քաղաքական լուծում, և ես հույս ունեմ, որ այն կհաջողվի գտնել»,-ասել էր նախարարը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողությունների մեկնարկից ժամեր անց ունեցանք Ֆրանսիայի առաջին արձագանքը: Պաշտոնական Փարիզը իր լուրջ մտահոգությունները հայտնեց Լեռնային Ղարաբաղում լայնածավալ բախումների կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը:

Դրան հետևեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահ Մակրոնը խոր մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարեց լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ համարեց ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար: Եվ պատերազմի ամբողջ ընթացքում այս ձևաչափով շփումները պարբերական բնույթ էին կրում: Այսպես, Փաշինյանի և Մակրոնի միջև հեռախոսազրույց կայացավ նաև հոկտեմբերի 2-ին, հոկտեմբերի 9-ին, նոյեմբերի 13-ին, նոյեմբերի 19-ին:

Մակրոնը մեկ անգամ հանդիպեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ վերջինիս՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ հոկտեմբերի 22-ին:

Պատերազմի սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրորդ հայտարարությամբ հանդես եկավ, որում նորից շեշտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ է կողմերի հետ: Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ՝ վերականգնելու կողմերի միջև երկխոսությունն ու քաղաքական գործընթացը»,-ասված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Պաշտոնական Փարիզն իր աջակցությունը հայտնեց նաև խորհրդարանական դիվանագիտության մակարդակով: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց կայացավ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև: Ֆրանսիայի պատգամավորը հայտնել էր, որ պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Ֆրանսիան մեծ դեր ունեցավ նաև Թուրքիայի նկրտումները դատապարտելու և Արցախում կռվող սիրիացի գրոհայինների մասին բարձրաձայնելու տեսանկյունից: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին Մակրոնը նորից խոսեց Արցախում ռազմական գործողությունների և իրավիճակի կայունացման մասին՝ շեշտելով Թուրքիայի վտանգավոր դերակատարումն այդ գործընթացներում: «Ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը», - վստահեցրեց Մակրոնը:

Ինչ վերաբերում է սիրիացի ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններին, ապա այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսեց հոկտեմբերի 1-ին ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին իր ունեցած ելույթում. «Հստակ տեղեկություն ունենք, որը ցույց է տալիս, որ սիրիացի գրոհայինները լքել են Գազիանթեփում մարտի դաշտը, որպեսզի միանան Ղարաբաղում մարտական գործողություններին: Դա շատ լուրջ է: Առաջիկա ժամերին այդ թեման կքննարկենք գագաթնաժողովի ժամանակ»,-ասաց Մակրոնը:  

Նույն օրը Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև Մարտունիում վիրավորված ֆրանսիացի երկու լրագրողների խնդրին՝ նշելով, որ ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղ՝ վիրավոր լրագրողներին տեղափոխելու համար: Ի դեպ, լրագրողներին Արցախում վիրահատեցին և բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը: Իսկ օրեր անց նրանց այցելեցին Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը:

Ինչպես հիշում ենք, հոկտեմբերի 1-ին հրապարակվեց արդեն համանախագահների եռակողմ հայտարարությունը, որն «ամենավճռական կերպով դատապարտում էր բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում»: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմաններ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- նշված էր հայտարարության մեջ։

Մակրոնի հայտարարություններին և ՄԽ համանախագահների եռակողմ հայտարարությանը զուգահեռ Երևանում հանդիպում էր տեղի ունենում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի և պաշտպանության նախարարի միջև, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: Ի դեպ, նման ձևաչափով հանդիպումներ պատերազմի ողջ ընթացքում առնվազն երեք անգամ տեղի են ունեցել (հոկտեմբերի 1, հոկտեմբերի 9, հոկտեմբերի 30):  

Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին խոսվեց նաև հոկտեմբերի 2-ին կայացած Մնացականյան-Լը Դրիան հեռախոսազրույցի ընթացքում: Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։ Մշտական ու պարբերական բնույթ ունեին նաև այս ձևաչափով շփումները:

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հերթական հայտարարությամբ՝ ահազանգելով հակամարտության «միջազգայնացման» վտանգների մասին: Ի դեպ, այս մասին ԱԳ նախարարը խոսեց նաև հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ: Ֆրանսիան նորից կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների շուտափույթ վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարն հայտարարեց, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար՝ հավելելով, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռքբերվել անհապաղ միջոցների անհրաժեշտության մասին»: «Դա արվել է Մինսկի խմբում երկու երկների համանախագահության շրջանակում»,-նշում էր Լը Դրիանը:

Ավելի ուշ Մնացականյան- Լը Դրիան հեռախոսազրույցի մասին տեղեկություն տրամադրեց նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Հոկտեմբերի 5-ին ունեցանք նաև ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ: Վկայակոչելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերեք երկրների ղեկավարների հայտարարությունը` նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ արեցին անհապաղ ու անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել: Համանախագահներն այս հայտարարությամբ կողմերին կոչ արեցին նաև անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորումը վերսկսելու գործընթացի պարտավորությունը՝ առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերթական հայտարարությամբ հանդես եկավ արդեն հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով և ՄԽ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո: Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարեց, որ ողջունում է Ադրբեջանի և Արցախի հայերի միջև մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: «Առարկայական քննարկումները, որոնցում կողմերը ներգրավված են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,- ասված էր Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Արդեն հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի ԱԳՆ հանդես եկավ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դատապարմամբ: «Մենք դատապարտում ենք բռնության շարունակությունը, որտեղից էլ այն բխի, և կողմերին կոչ ենք անում վերջ տալ դրան»:

Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ ներկայացվեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, մոտ քսան պատգամավորներ դիմեցին Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն Ադրբեջանի և հայկական անկախական ուժերի գերին է դարձել։

Այս ամենին զուգահեռ խոշոր ցույցեր և բողոքի ակցիաներ էին կազմակերպվում Ֆրանսիայի հայ համայնքի մասնակցությամբ, որ պահանջում էր ճանաչել Արցախը: Հոկտեմբերի 28-ի ցույցի ժամանակ թուրքերը մուրճով հարձակվեցին ցուցարար հայերի վրա: Եղան նաև տուժածներ:

Հոկտեմբերի 25-ին Հայաստան ժամանեց Ֆրանսիացի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը: Նրանց հետ հանդիպումներ ունեցան ՀՀ Աժ պատգամավորները, վարչապետ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարարը, Կաթողիկոսը, ՀՀ ՄԻՊ-ը, Արցախի ԱԳ նախարարը և այլն:   

Հեռախոսազրույցները և խորհրդատվությունները ԱԳ նախարարների մակարդակով այս ընթացքով ևս շարունակվեցին (հոկտեմբերի 18, հոկտեմբերի 29, նոյեմբերի 21):

Ակտիվ ռազմական գործողությունների դադարը ազդարարող նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նախագահ Մակրոնը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցում է  Հայաստանին այս դժվարին պահին: Մակրոնի համոզմամբ՝ Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից և չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Մակրոնը շեշտեց նաև, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում և կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին», - նշել էր Ֆրանսիայի նախագահը։

Թուրքիայի նկրտումները չեզոքացնելուն էր ուղղված նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատամբ, եթե վերջինս փորձի խոչընդոտել  ձեռք բերված եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն ու սրի իրավիճակը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Ֆրանսիան հիշեցրեց Արցախի կարգավիճակի հստակեցման կարևորության մասին՝ ԱԳ նախարարի մակարդակով շեշտելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կարգավիճակի հարցով բանակցությունները վերսկսելու մասին:

Արդեն հիմա, երբ ակտիվ ռազմական գրծողությունները դադարել են, Ֆրանսիան օրակարգում առաջինը բերում է հումանիտար օգնության հարցերը: Ֆրանսիայի իշխանությունները հավանություն են տվել և սկսում են լայն աջակցության ծրագրի իրականացումը, որը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նոյեմբերի 22-ին: Դրա հետ միասին Փարիզից պարբերաբար հիշեցնում են թուրքական նկրտումները սանձելու կարևորության մասին, ինչի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսեց նաև նոյեմբերի 11-ին:

Հումանիտար օգնության առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հայտնելով որ Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։

Հայ ժողովրդին, Արցախին և Հայաստանին աջակցության տեսանկյունից այլ թեմա է բարեկամ Ֆրանսիայի առանձին քաղաքական, մշակութային հասարակական գործիչների, ՏԻՄ-երի մակարդակով աջակցությունը: Վերջինս փորձենք ներկայացնել ժամանակագրական հերթականությամբ.

04.10 - Ֆրանսիացի 173 քաղաքական գործիչներ խնդրանքով դիմել են Ֆրանսիային՝ աջակցել Հայաստանին: Գործիչներն անբավարար էին համարում Մակրոնի քայլերը՝ կոչ անելով փոխել կոնֆլիկտի կարգավորման հարցում Ֆրանսիայի ունեցած ռազմավարությունը: Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջաննին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»:

06.10 - Ֆրանսիական Վալանսի քաղաքային խորհուրդը որոշում ընդունեց օգնություն տրամադրել Հայաստանին: Այսպես, քաղաքային խորհուրդը միաձայն որոշեց 10 հազար եվրոյի բժշկական և այլ օգնություն (հագուստ, կոշիկ, սնունդ երեխաների համար և այլն) հատկացնել պատերազմից տուժածներին՝ Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով»,-ասված է գրառման մեջ:

07.10 - Էջմիածնի ֆրանսիական քույր-քաղաքը՝ Իսի-լե-Մուլինոն իր սատարումն հայտնեց Հայաստանին ու Արցախին և որպես օգնություն կփոխանցի 70 000€

08.10 - Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն կոչ արեց երկրի ղեկավարությանը զեզոք չմնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նա նաև դիմում ներկայացրեց Սենատին Լեռնային Ղարաբաղի համար Միջազգային տեղեկատվական խումբ ստեղծելու մասին:

09.10 - Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Արցախի ճանաչմանը

12.10 - Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Երևան՝ պատերազմում վիրավորում ստացածներին օգնելու համար:

17.10 - Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն ընդունեց:

18.10 - Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը:

21.10 - Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև ընդունեց:

31.10 - Ֆրանսիայի մշակույթի գործիչները դիմեցին երկրի ԱԳՆ ղեկավարին՝ պահանջելով դատապարտել Ղարաբաղի դեմ ագրեսիան:

07.11 - Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նամակով դիմեց երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից։

07.11 - Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունեց բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին ճանաչել Արցախը:

18.11 - Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարներ ճանաչեցին Արցախի անկախությունը: Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի,  Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները:

19.11 - Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն/ Ville de Décines-Charpieu բանաձև ընդունեց Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։

20.11 - Մարսելի քաղաքային խորհուրդը կոչով դիմեց Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

20.11 - «Ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին». ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների կոչով հանդես եկան:

21.11 - Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին:

*** 

Ինչպես տեսնում ենք, Ֆրանսիան պատերազմի ողջ ընթացքում ամենաակտիվ կերպով իր աջակցությունն է ցույց տվել Հայաստանին ու Արցախին, այդ թվում՝ և՛ պետական, և՛ հասարակական ու մշակութային գործիչների, ՏԻՄ-երի մակարդակով: Ֆրանսիայում առկա տրամադրությունները լավ հնարավորություն էին ճիշտ աշխատանքի պարագայում հասնելու նաև պետության (կառավարության) մակարդակով Արցախի ճանաչման, բայց դրա համար անհրաժեշտ էր նաև Հայաստանի կողմից որոշակի աշխատանք: Այսօր այս հնարավորությունը դեռ ամբողջովին կորսված չէ, և ճիշտ հաշվարկված քաղաքականության արդյունքում դեռ կարելի է գրանցել հաջողություններ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: