ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային Ժողովը ռազմագերիների հարցով ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին, հայ ռազմագերիների և քաղաքացիական ռազմագերիների վերադարձի վերաբերյալ փակ բանավեճից հետո, ընդունել է միջազգային հանրությանը ուղղված ուղերձ` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ հանձնել գերիներին հայկական կողմին և դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնևի կոնվենցիաների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.

Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև դիերը.

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեկան տառապանքները.

Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում.

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած և համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու և բռնության այլ դրսևորումների հերոսացմանը՝

Ու Ղ Ե Ր Ձ Ո Վ   Դ Ի Մ Ու Մ   Է

Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և

Կ Ո Չ   Է   Ա Ն Ու Մ

հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց. պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև ցանկացած այլ դրսևորման մեջ.առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»,- ասված է ուղերձում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: