ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներն այցելել է Հայաստան և Արցախ

Հայտնի բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան և Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու և Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ, հաղորդում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին ուղեկցում են մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը,  վերականգնում են ենթակառուցվածքները և խթանում տնտեսությունը:

«Ես երախտապարտ եմ Հայաստան և Արցախ այցելելու հնարավորության համար և արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասաց բժիշկ Քուշներն:

Բեռնարդ Քուշները համահիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 1971-ին, իսկ 1980-ին համահիմնադրել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը: Նա մարդասիրական աշխատանքներ է կազմակերպել Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում և Վիետնամում: 2018 թ. պարոն Քուշները միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, ականավոր մարդասերներ և մեծահամբավ իրավապաշտպան ակտիվիստներ: Նրանք մեծարանքի են արժանացնում մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։

Հայաստան ժամանելուց հետո պարոն Քուշներն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Հաջորդ օրը պատվիրակությունն ուղևորվեց Արցախ՝ հայտնելու  իրենց համերաշխությունը և աջակցելու տեղի մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ նրանց, որոնք իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Ստեփանակերտում պարոն Քուշները և մյուս հյուրերն այցելեցին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին: «Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանն «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է տրամադրել տեղական և միջազգային 57 նախագծի, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ:

«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր և դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշներն Արցախ կատարած այցից հետո:

Փետրվարի 24-ին Քուշների գլխավորած պատվիրակությունը շրջեց Ստեփանակերտի այն շրջաններում, որոնք ամենաշատն էին տուժել պատերազմից: Նրանք զրուցեցին «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում HALO Trust-ի, որը քաղաքացիական տարածքները մաքրում է կլաստերային ռումբերից և այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար:

«Մարդիկ այստեղ շատ լավ գիտեն, որ իրենց գոյությունն, առաջին հերթին, կախված է անվտանգ միջավայրից: Եվ մենք հիմա հասկանում ենք, թե որքան կարևոր է ստեղծել այնպիսի առողջապահական ենթակառուցվածք, որը կհամապատասխանի այս ուժեղ ու քաջ մարդկանց կարիքներին»,- Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից դուրս գալիս ասաց պարոն Բուանեն:

Երևան վերադարձի ճանապարհին հյուրերը կայցելեն Դիլիջանի միջազգային դպրոց և կշրջեն քաղաքում: Մինչև այցն ամփոփելը՝ ուրբաթ օրը պարոն Քուշները ծրագրում է մասնակցել քննարկման Երևանի պետական բժշկական համալսարանում և այցելել Մատենադարան:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: