ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ մուտքի խնդիրների մասին բարձրաձայնում են համանախագահները, լռում՝ Երևանն ու Ստեփանակերտը

Ապրիլի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ, ի թիվս այլնի, կարևորեցին նաև Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը՝ որպես փոխադարձ վստահության մթնոլորտի կառուցմանն ուղղված կարևոր քայլ: Հայտարարության տեքստում անխոչընդոտ մուտքի մասին ևս մի դիտարկում կա (առանց Արցախը նշելու) առ այն, որ «անհրաժեշտ է համանախագահներին ճամփորդելու համար անխոչընդոտ մուտք և տեղաշարժի առավելագույն ճկունություն տրամադրել՝ համաձայն իրենց մանդատի և նախորդող պրակտիկայի»:

Այն, որ Արցախ մուտքի հետ կապված խնդիրները տեղ են գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարության մեջ, առաջին հերթին վկայում է այս հարցի կարևորության և սրության մասին: Արցախ մուտքի հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնել ենք դեռ տարեսկզբին, երբ ԼՂՀ արտործնախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ստեղծված նոր իրավիճակով պայմանավորված՝ կիրառվելու է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նոր ընթացակարգ: Խնդիրն այն է, որ վերոնշյալ հայտարարությունը չէր տալիս սպառիչ պատասխան այն հարցին, թե ով է ի վերջո որոշելու Արցախ մուտքի թույլտվության հարցը: Ըստ նոր ընթացակարգի՝ դիմումները տրվելու էին Արցախի ԱԳՆ, վերջինս դրանք փոխանցելու էր ռուս խաղաղապահներին, իսկ թե ի՞նչ էին անելու դրանց հետ խաղաղապահները և ու՞մ պատասխանն էին փոխանցելու Արցախի ԱԳՆ-ին՝ ոչինչ չկար: Եվ չնայած պաշտոնական Ստեփանակերտից եկող հավաստիացնումներին, որ որևէ խնդիր այստեղ չկա, ստացվող տեղեկությունները նոր մտահոգությունների տեղիք էին տալիս:

Այսօր արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ այս հարցի բարձրաձայնումը, ավելին՝ ընդգծումը, որ անխոչընդոտ մուտքի և տեղաշարժի ճկունության կարիք ունեն հենց իրենք՝ միջնորդները, հերթական ապացույցն են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով էլ է խախտվում Ադրբեջանի կողմից, և այստեղ լուրջ խնդիրներ ունենք: Հիշեցնենք հայտարարության 6-րդ կետը՝ «…Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Բաքուն որևէ փաստաթղթով որևէ իրավական հիմք չունի՝ որոշելու, թե ով կարող է մուտք գործել Արցախ, ով՝ ոչ: Սա ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է, որի մասին պիտի բարձրաձայնի հայկական կողմը, ընդ որում՝ մինչև հայտարարության մյուս կետերի` օրինակ՝ կոմունիկացիաների բացման, ապահովումը:

Այս հարցը, որն այսօր արդեն տեղ է գտել ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ, ի թիվս այլնի, համանախագահության և առանձին՝ ՌԴ-ի հետ աշխատանքի նոր օրակարգի կարևոր կետերից մեկը պետք է դառնա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: