ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Եգիպտոս. Անկարան շարունակում է պայքարը տարածաշրջանային ազդեցության համար

Թուրքիան սկսել է Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց: Անցած ամիս Անկարան վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ դիվանագիտական կապ է հաստատել Կահիրեի հետ: Նշենք, որ կողմերը հարաբերությունները խզել են 2013 թվականին Եգիպտոսում թուրքական աջակցություն վայելող Մուհամմեդ Մուրսիի իշխանության տապալումից հետո:

Թուրքիան վերջին ամիսներին, անգամ ամենաբարձր մակարդակով, մեղմացնում է Եգիպտոսի հանդեպ հռետորաբանությունը, մինչդեռ Կահիրեում թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ բավականին զգուշավոր են արտահայտվում:

Այսօր Թուրքիայի և Եգիպտոսի միջև տարաձայնությունները միայն գաղափարական չեն. Անկարան շարունակում է աջակցել քաղաքական իսլամի առաջմղմանը, ինչը Եգիպտոսը և արաբական մի շարք երկրներ համարում են իրենց վարչակարգերի գոյության համար ուղղակի սպառնալիք:

Կողմերն այսօր լուրջ տարաձայնություններ ունեն նաև Լիբիայի հարցում: Թուրքիան փորձում է իսլամականացնել հյուսիսաֆրիկյան այդ երկիրը՝ այդ թվում նաև այլ տարածաշրջաններից ահաբեկիչների տեղափոխելով այնտեղ: Թուրքիայի նման գործունեության ծավալումն իր հարևանությամբ, ինչպես նաև Լիբիայում թուրքական զորքերի առկայությունը, չեն կարող մտահոգություններ չառաջացնել Եգիպտոսի մոտ: Այդ ամենը ոչ միայն քաղաքական ազդեցության հարց է, այլև անվտանգային խնդիր:

Կողմերն ունեն նաև ջրային սահմանների հետ կապված տարաձայնություններ և տարածքային խնդիրներ Արևելամիջերկրականում, որտեղ հնարավոր է գազի մեծ պաշարներ կան:

Այս ամենին գումարվում է նաև Թուրքիայի ձգտումը դառնալ արաբական աշխարհի առաջնորդը, ինչը Եգիպտոսի, որպես արաբական արևելքի երբեմնի ամենածանրակշիռ երկրներից մեկի, կողմից սուր է ընկալվում:

Նման պայմաններում ի՞նչն է դրդում կողմերին 8 տարի անց գնալ հարաբերությունների կարգավորման:

2013 թվականին «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից հետո Եգիպտոսն իր հայացքն ուղղել էր Սաուդյան Արաբիային, որը Թուրքիայի հետ մրցակցության մեջ է տարածաշրջանային ազդեցության համար: Սակայն այսօր տեղի են ունենում նաև սաուդա-թուրքական հարաբերությունների բարելավման փորձեր: Ավելին, Սաուդյան Արաբիան գնաց Ծոցի ճգնաժամի կարգավորման, որտեղ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյն և Եգիպտոսը պայքարում էին Թուրքիայի դաշնակից Կատարի հետ: Սա որոշակիորեն թուլացրել է Թուրքիային հակազդելու Կահիրեի հնարավորությունները: Մյուս  կողմից, Լիբիայում սկսվել է հակամարտության կարգավորման քաղաքական գործընթաց և առաջիկայում այդ երկրում ազդեցության համար անհրաժեշտ է նաև քաղաքական առևտուր, այսինքն՝ երկխոսություն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից «Մուսուլման եղբայրներին» այդ թվում նաև ֆինանսապես աջակցելուն, ապա այստեղ պետք է նկատենք, որ վերջիններս այս պահին առանձնապես մեծ ազդեցություն չունեն Եգիպտոսի քաղաքական կյանքի վրա և եգիպտական իշխանություններն այստեղ առանձնապես մեծ վտանգներ չեն տեսնում: Միևնույն ժամանակ, այս ընթացքում Թուրքիայից գործող եգիպտական ընդդիմադիր ալիքները թուլացրել են Եգիպտոսի իշխանությունների քննադատությունը, ինչում թուրքական իշխանությունները բնականաբար չէին կարող դերակատարում չունենալ:

Ընդ որում, ոչ միայն Եգիպտոսի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձը պետք է դիտարկել վերջիններիս շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Անկարայի հռետորաբանության փոփոխություն է նկատվում նաև տարածաշրջանային մյուս հակառակորդների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի նկատմամբ: Հունվարին 5 տարվա դադարից հետո վերականգնվել են Թուրքիայի և Հունաստանի միջև շփումները: Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել Եվրամիության հետ: Թուրքիայի այս քաղաքականության փոփոխությունից չի կարող անմասն մնալ նաև Հարավային Կովկասը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք Թուրքիայի հռետորաբանության փոփոխության նաև Հայաստանին առնչվող հարցերում:

Սակայն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Անկարայի այս քաղաքականությունը:

Թուրքիան վերջին տարիներին, այդ թվում նաև ռազմական ուժի կիրառման (Սիրիա, Լիբիա, Իրաք, Լեռնային Ղարաբաղ) և ապակառուցողական քաղաքականության շնորհիվ կարողացել է էականորեն մեծացնել իր դերը տարածաշրջանային գործընթացներում, սակայն ավելի երկարաժամկետ արդյունք ստանալու համար այժմ անհրաժեշտ է իրականացնել լուրջ դիվանագիտական աշխատանք: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում լարվածության թուլացմամբ Անկարան հնարավորություն է ստանում դիմակայելու Բայդենի վարչակազմի ճնշումներին:

Թուրքիայի այս քաղաքականությունն առնվազն այս փուլում միտված է ոչ թե տարածաշրջանում բարեկամներ ստեղծելուն, այլ ավելի շատ հակառակորդներին մրցակից դարձնելուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: