ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիա-ԱՄՆ. էր-Ռիադը ստիպված է վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը

Սաուդյան Արաբիան վերանայում է իր տարածաշրջանային քաղաքականությունը: Կատարի շուրջ 4 տարի տևած ճգնաժամը հարթելուց հետո էր-Ռիադը քայլեր է ձեռնարկում Եմենում հակամարտության քաղաքական կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային իր  գլխավոր հակառակորդի՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլի սկզբին՝ դիվանագիտական հարաբերությունները խզելուց 4 տարի անց, Իրաքի միջնորդությամբ Բաղդադում տեղի է ունեցել սաուդա-իրանական բարձրաստիճան առաջին հանդիպումը: Կողմերն այս տեղեկությունը չեն մեկնաբանում, սակայն նկատենք, որ այն չի էլ հերքվում:

Նշենք, որ ապրիլին Վիեննայում անուղղակի բանակցություններ են սկսվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև 2015 թվականին կնքված միջուկային գործարքը վերականգնելու ուղղությամբ: Սաուդյան Արաբիան այս կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի, քանի որ վերջինիս պնդմամբ, 2015 թվականին պայմանագիրը չի բացառում Իրանի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաև չէր լուծում վերջինիս հրթիռային ծրագրի հետ կապված խնդիրները: էր-Ռիադի կարծիքով, Ծոցի երկրները պետք է միանան ցանկացած բանակցությունների համոզվելու, որ այս անգամ Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային քաղաքականությունը զսպելու մեխանիզմներ կմշակվեն:

Սաուդյան Արաբիայից և վերջինիս քաղաքական ազդեցության տակ գտնվող Ծոցի երկրներից բացի, միջուկային գործարքի վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի  նաև Իսրայելը, որը փորձում է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել դրանք տեղ հասցնելու համար: Սակայն ակնհայտ է, որ ո՛չ Էր-Ռիադը, ո՛չ Թել-Ավիվը բացահայտ հակասության մեջ չեն մտնելու Վաշինգտոնի հե, այլ իրենց մտահոգությունների հետ կապված իրական լուծումները փորձելու են փնտրել հենց Միացյալ Նահանգների հետ երկխոսության միջոցով:

Սաուդյան Արաբիան այսօր լուրջ խնդիրներ ունի Բայդենի վարչակազմի հետ իր հարաբերություններում: Ի տարբերություն Թրամփի, որը մեծ տեղ էր հատկացնում անձական կապերին, ինչի արդյունքում բազմաթիվ խնդիրներ ուղղակի պատշաճ ուշադրության չէին արժանանում, ամերիկյան գործող վարչակազմը սաուդա-ամերիկյան հարաբերությունները փորձում է հետ բերել ինստիտուցիոնալ շրջանակներ:

Սաուդյան իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում թագավորությունում մարդու իրավունքների կետ կապված իրավիճակի առնչությամբ: Լուրեր էին շրջանառվում նաև Բայդենի վարչակազմի կողմից Սաուդյան Արաբիա զենքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին: Սա բնականաբար ստիպում է Էր-Ռիադին վերանայել իր քաղաքականությունը խնդրահարույց հարցերում:

Կատարի ապաշրջափակումից հետո սաուդյան իշխանությունները հանդես եկան Եմենում հրադադար հաստատելու նախաձեռնությամբ: էր-Ռիադն այս նախաձեռնությամբ, որն, ըստ էության, արվել է Միացյալ Նահանգների դրդմամբ, իրականում լուծում է երկարատև և թանկարժեք պատերազմից դուրս գալու և իր իմիջը վերականգնելու հարցը: Այն լուծում չի տալիս բոլոր այն խնդիրներին, որոնք Սաուդյան Արաբիան նախատեսում էր լուծել Եմենում պատերազմի մեջ մտնելով:

Թեև հութիները հրապարակայնորեն մերժել են սաուդյան առաջարկը, սակայն Միացյալ Նահանգներն ակտիվ մաքոքային դիվանագիտություն է իրականացնում Եմենում հրադադարի հաստատման ուղղությամբ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման օրակարգում եղել է նաև Եմենի հարցը: Իրանը մեծ ազդեցություն ունի հութիների վրա և կան մտավախություններ, որ Իրանը կարող է այս իրավիճակն օգտագործել միջուկային բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար:

Միջուկային գործարքի վերականգնումն այսօր Միացյալ Նահանգների համար արտաքին քաղաքական գլխավոր խնդիրներից է: Այս հարցում Թրամփի քաղաքականությունը լուրջ տարաձայնությունները է առաջացրել իր արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում: Մյուս կողմից ամերիկյան նախորդ վարչակազմի քաղաքականության արդյունքում Միացյալ Նահանգների դիրքերը թուլացել են Մերձավոր Արևելքում: Բայդենը այժմ փորձում է տարածաշրջանային մի շարք հարցերում մարտավարական նահանջ կատարել իր երկարաժամկետ շահերի սպասարկման համար: Դրա դրսևորումներից էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելը ընդդիմադիր լրագրողի սպանության համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: