ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1991թ․ ապրիլի 30-ին Արցախի հայկական գյուղերի ռմբակոծմամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը

1991թ․ ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:

Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկանք «Կոլցո» (Օղակ) գործողության մասին (աղբյուրը՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ)

1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի (Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիան) ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողություն:

ԼՂԻՄ և հարակից շրջանների մի շարք հայաբնակ գյուղերի բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվեցին Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության կողմից 1991 թ. ապրիլին՝ Ադրբեջանի Պաշտպանության խորհրդի 1991 թ. ապրիլի 10-ի, Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության 1991 թ. ապրիլի 11-ի նիստերին և 1991 թ. ապրիլի 16-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի մոտ հանրապետության ԱԱԿ, ՆԳՆ, Դատախազության ղեկավարության հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Տեղահանման գործողությունների ղեկավարությունը հանձնարարվեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մ. Ասադովին:

Սակայն ԼՂԻՄ հարակից գյուղերից հայ ազգաբնակչության «դուրս մղումը» շատ ավելի վաղ էր սկսվել: Մասնավորապես, 1989-1990 թթ. Հյուսիսային Արցախի երեք գյուղերի (Կուշչի Արմավիր, Ազատ, Կամո) բնակիչներն իրենց դեմ չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը:

1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է հեռացվեն Ղարաբաղից, եթե նրանք համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: Դեռևս 1991 թ. փետրվարի սկզբին Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար, «Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեի» ղեկավար Վ. Պոլյանիչկոն, ելույթ ունենալով Բաքվում, հայտարարեց. «1991 թ. կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այս տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին: Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է գրավենք այն մեր երեխաների համար»։

1991 թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում հատուկ ընդգծվում է հայ փախստականների աղետալի դրությունը և կոչ արվում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ինչպես Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը, այնպես էլ կանխամտածված և բռնի տեղահանության ենթարկվող Ղարաբաղի ու հարակից հայկական անկլավների հայ բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգությունները:

1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին Բաքվի պահանջով արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:

Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին նշված գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով։

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Հյուսիսային Արցախի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պահանջեց հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար, սակայն Կրեմլը անտեսեց այդ կոչը:

1991 թ. մայիսին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա», «ուժի անխտիր կիրառումը՝ ներառյալ քաղաքացիական տարածքների գնդակոծությունները Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում» և կոչ էր անում «վերջ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված շրջափակմանը և ուժի կիրառման ու ահաբեկման այլ մեթոդներին»:

Ադրբեջանի ղեկավարությունը «Կոլցո» գործողությունը դիտարկում էր որպես Լեռնային Ղարաբաղի մնացած հայկական մասի լայնածավալ տեղահանության սկիզբ: 1991 թ. մայիսի 22-ին, ելույթ ունենալով Մոսկվայում հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարախոսության բաժնի պետ Ա. Դաշդամիրովը հայտարարեց. «Մոտ ժամանակներս անհրաժեշտ կլինի Ղարաբաղից արտաքսել ևս 32 հազար մարդ»: Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ա. Դաշդամիրովն ու Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը արդարացնում էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանումը և չէին բացառում դրա շարունակությունը: Սակայն օգոստոսյան պուտչի ձախողումը, որից հետո Մոսկվան դադարեց աջակցել Ադրբեջանին, վերջ դրեց տեղահանություներին:

Իր դաժանությամբ ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Կոլցո» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: