ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը Հարավային Կովկասում. ո՞ր երկրին կտրվի նախապատվությունը

news.gallup.com

44-օրյա պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում  Չինաստանի գործոնը, կարծես թե, պատշաճ ուշադրության չի արժանանում՝ չնայած տարածաշրջանի ապաշրջափակման վերացման հեռանկարը չի կարող չհետաքրքրել Պեկինին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում:

Չինաստանը, ունենալով բազմաթիվ ներքաղաքական խնդիրները, խստորեն հետևում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու կանոնին, ուստի, Պեկինն աշխարհում իր ազդեցության մեծացման համար կիրառում է առավելապես ոչ թե քաղաքական, այլ տնտեսական գործիքակազմը, ինչը Չինաստանի հետ համագործակցությունը դարձնում է խիստ գրավիչ՝ այդ թվում նաև հարավկովկասյան երկրների համար:

Ընդ որում, այստեղ բավականին հետաքրքիր պատկեր ունենք. Հարավային Կովկաս-Չինաստան ապրանքաշրջանառության 40 տոկոսը բաժին է հասնում Ադրբեջանին; Վրաստանի հետ 2017 թվականին Չինաստանը կնքել է հետխորհրդային տարածքում ազատ առևտրի առաջին համաձայնագիրը; ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին տարիներին Չինաստանը հանդիսանում է  մեր երկրորդ առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո:

Պետք է նկատել, որ չնայած Հարավային Կովկասը գտնվում է Պեկինի ուշադրության կենտրոնում որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր հատված՝ Չինաստանը ամբողջությամբ չի կենսագործում  տարածաշրջանում իր ներգրավվածության հնարավորությունները:

Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ, Չինաստանի կողմից իր այդ նախաձեռնության շրջանակներում գերակայություն են դիտվում Հարավարևելյան Ասիան, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը: Ընդ որում,  չլինելով Պեկինի առաջնային օրակարգում՝ Հարավային Կովկասը նաև խիստ խնդրահարույց է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Ոչ միայն բավականին բարդ հարաբերություններ են տարածաշրջանային երկրների միջև, այլև այստեղ մեծ է այլ խոշոր խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ազդեցությունը: Հարավային Կովկասն այսօր վերածվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև  հարաբերություններ պարզելու թատերաբեմի, և Չինաստանը որևէ կերպ չի ցանկանում խառնվել այդ գործընթացին: Միևնույն ժամանակ Չինաստանի՝ Հարավային Կովկասում ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալուն որոշակիորեն խոչընդոտում է նաև այսօր տարածաշրջանի ամենաազդեցիկ դերակատարի՝ Ռուսաստանի գործոնը: Չինաստանն, առավել ևս այսօր, երբ Ռուսաստանի հետ փորձում է համատեղ դիմագրավել Արևմուտքի ճնշումներին, կխուսափի Հարավային Կովկասում ակտիվ ներգրավվածությունից, քանի որ այն Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես աշխարհաքաղաքական մարտահրավեր, ինչպես Կենտրոնական Ասիայի դեպքում է:

Սակայն այս բոլոր գործոնները չեն ենթադրում, որ Չինաստանը չի փորձելու օգտվել այսօր տարածաշրջանում առաջացող հնարավորություններից:  Ըստ էության, այս հարցում Պեկինն ավելի շատ ակնկալելու է նախաձեռնողականություն  հարավկովկասյան երկրների կողմից:

Ադրբեջանում արդեն լծվել են այդ գործին: Մասնավորապես, Բաքուն  աշխատանքներ է իրականացնում Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող «միջանցքը» Չինաստանը Եվրոպային կապող երթուղու կարևոր  հատվածի վերածելու ուղղությամբ: Ընդ որում, Ադրբեջանը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում արդեն հաջողությամբ իրացրել է իր տարանցիկ հնարավորությունները: Պեկինի համար այսօր լուրջ հետաքրքրություն է ներկայացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին և Բաքվի նավահանգիստը:

Նկատենք, որ չնայած ենթակառուցվածքային խնդիրներին՝ Հայաստանը ևս մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի համար  իր այդ նախաձեռնության շրջանակներում, ինչի մասին չինական կողմը բազմիցս ազդակներ է հղել:  Մասնավորապես, Պեկինի կողմից կարևորվում է Կարմից ծովը Սև ծովին կապող Իրան-Հայաստան-Վրաստան երթուղին: Այս համատեքստում բավականին հետաքրքիր է մարտին Իրանի և Չինաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը նախանշում է առաջիկա 25 տարիներին կողմերի միջև ռազմավարական  համագործակցությունը: Չինաստանի կողմից 450 միլիարդ դոլար ներդրում նախատեսող այս  համաձայնագիրը, բացի տնտեսականից, ունի նաև բավականին մեծ քաղաքական ազդեցություն. այն վերաբերում է ոչ միայն համագործակցության ավանդական համարվող ոլորտներին՝ տնտեսական և մշակութային, այլև այնպիսի զգայուն ոլորտի, ինչպիսին է ռազմականը և հետախուզությունը: Այս համաձայնագրով Չինաստանի կողմից ամրագրվում է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի կարևորությունը:

Սա, բնականաբար, չի կարող որոշակի հնարավորություններ, ինչպես նաև մարտահրավերներ չստեղծել նաև Հայաստանի համար: Ի դեպ, Հայաստանի տարանցիկ հնարավորություններով հետաքրքրված է ոչ միայն Չինաստանը, այլ նաև Հնդկաստանը:  Իրանում Հնդկաստանի դեսպանը մարտին հայտարարել է, որ Նյու Դելին ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը:

Սակայն Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն որևէ կերպ չի արձագանքում Չինաստանից, ինչպես նաև Հնդկաստանից եկող այս ազդակներին՝ փորձելով իրացնել Հայաստանի տարանցիկ հնարավորությունները, այլև իր անպատասխանատու պահվածքով, որին ականատես եղանք մայիսի 3-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի ժամանակ, միանգամայն  հակառակ ազդակներ է հղում  Չինաստանին՝ էլ ավելի մշուշոտ դարձնելով առաջացող հնարավորություններից Հայաստանի օգտվելու հեռանկարները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: