ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախ այս իշխանությունների գործելաոճից՝ հայ-ռուսական հարաբերությունները տուժելու իրավունք չունեն

Նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այցի ընթացքում Լավրովը մասնավորապես անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնագրերի կետերի իրականցմանը, պատմամշակութային հուշակոթողների հարցում միջազգային կազմակերպությունների դերին, պատերազմի հումանիտար հետևանքներին վերաբերող խնդիրների հնարավոր լուծմանը,  Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակելու մասին հարցերին:

Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ այցը լավատեսական տարրեր չէր պարունակում Հայաստանի համար: Լավրովն այցի ընթացքում ոչ միայն չդատապարտեց Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը՝  կապված մասնավորապես գերիների վերադարձի, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, Ադրբեջանի կողմից իր վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հետքն ու դիմագիծը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը վերացնելու հետ, այլ ընդհակառակն՝ իր լռությամբ համաձայնության տպավորություն ստեղծեց Ալիևի քննադատություններին՝ Հայաստանից հնչող ոչ «բայրացկամ» հայտարարությունների նկատմամբ և ընդգծեց Պուտինի հետ Ալիևի պայմանավորվածությունները հնարավորինս բարեխղճորեն և բծախնդրորեն կատարելու մասին: Լավրովի հայտարարություններից տպավորություն ստեղծվեց, որ կա ռուս-ադրբեջանական օրակարգ և չկան հայ-ռուսական հարաբերություններ: Կարող է զարմանալի թվալ, սակայն Լավրովի նման պահվածքն այդքան էլ անսպասելի չէր:  

ՌԴ արտգործնախարարի՝ Ադրբեջան այցը լավագույնս ցույց տվեց հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ ներկայիս իշխանությունների վերջին տարիներին լարվածություն ստեղծելու և այդ հարաբերություններն օր օրի էլ ավելի վատթարացնելու գործելաոճի արդյունքը: Անհետևողական, ապաշնորհ քաղաքականություն վարելով, որոշ դեպքերում կանխամտածված, որոշ դեպքերում չկանխամտածված հարված հասցնելով ռազմավարական դաշնակցին, տվյալ իշխանություններն այդ հարաբերությունները հասցրեցին այն կետին, որտեղ որ այսօր գտնվում են:  Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ալիևի հայտարարություններին չարձագանքելը  Հայաստանի կառավարության կողմից ինչպես Արցախի, այնպես էլ  Սյունիքի հարցով հստակ տեսլական չունենալու հետևանքն է: ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ հարցում պահաջներ չեն դնում, սեփական օրակարգ առաջ չեն քաշում: Տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս բացակա են  ինչպես Սյունիքում ու Արցախում ընթացող, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներից: Գոյություն չունի անգամ բարեկամ երկրների և դաշնակցի հետ արդյունավետ դիվանագիտական աշխատանք…

Առաջին հայացքից տրամաբանական կարող է թվալ, որ եթե մեր կառավարության անդամներն են այսպիսի գործելաոճ որդեգրում և անգամ երկրի ամենաբարձր ամբիոններից ոչ հայանպաստ հայտարարություններ անում, այլ երկրներից ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք: Սակայն հարկավոր է այստեղ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հայ հասարակությունն այս իշխանություններին լիազորություն չի տվել այսպես վարվելու, հայ ժողովուրդն այս կառավարությանը չի լիազորել վատթարացնելու հայ-ռուսական հարաբերությունները: Շատ կարևոր է, որ ՌԴ-ում ընկալվի, որ այս իշխանություններն անցողիկ են, և անկախ վերջիններիս կողմից իրականացվող գործողություններին՝ լինեն դրանք կանխամտածված, թե ոչ, հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները գալիս են դարերի խորքից և այդ հարաբերությունները պահի ազդեցության ներքո տուժելու իրավունք չունեն…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: