Առանց Արցախի հայկական պետականությունը աշխարհաքաղաքական հաշմանդամի կվերածվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հինգ տարի անց խաղաղապահների դուրսբերման կամ դուրս չբերման վերաբերյալ տարբեր հայտարարություններին:
«Բնականաբար, եթե ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանա Լեռնային Ղարաբաղից, ապա Ղարաբաղն ապագա չի ունենա: Ադրբեջանի կազմում եւս այն ապագա չի կարող ունենալ: Եվ այն փաստը, որ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կփորձի հարցը ուժով լուծել, միանշանակ է:
Ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, իսկ մենք դեռեւս շատ հեռու ենք դրա կարգավորումից: Խաղաղապահների հարցը, ըստ էության, Ղարաբաղի լինել-չլինելու հարցն է: Այսօր մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղի սուբյեկտայնության պահպանումը, քանի որ նույնիսկ նման իրավիճակում Ղարաբաղը լուծում է մի շարք գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ: Եվ դա բոլորը գիտեն:
Հայկական պետականության համար շատ կարեւոր է ամեն կերպ աջակցել Ղարաբաղի սուբյեկտայնությանը եւ հասկանալ, որ առանց Արցախի հայկական պետականությունը կվերածվի աշխարհաքաղաքական հաշմանդամի, իսկ այնուհետեւ՝ ամբողջովին կկորցնի ոչ միայն իր սուբյեկտայնությունը, այլեւ, միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում պարզապես դադարի գոյություն ունենալ», - հայտարարել է Դավիթ Բաբայանը: