«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:
Ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: Բացառություն է միայն «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը և Հայաստան-Թուրքիա փակ սամանի բացումը 7 քաղաքական ուժերը համարում են, որ պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Միայն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն է, որ չի անդրադառնում հարաբերությունների հաստատմանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է ձևավորել դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի, ինչպես նաև չեղարկել Հայաստանի ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները:
Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, սակայն, այլ տեսակետ ունի «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», ըստ որի, 2009թ-ի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացից հետո գնդակը Թուրքիայի դաշտում է, և եթե ապագայում Թուրքիան անդրադառնա բանակցված արձանագրությունների վարվերացմանը, գուցե Հայաստանի մոտ ևս որոշակի զարգացումներ լինեն:
Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հետ կապված պետք է նաև նշել, որ չնայած «ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ» դաշինքը նույնպես այս մոտեցման կողմնակից է, վերջինս կարծում է, որ այդ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կամ դրան զուգահեռ:
Հատկանշական է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն կարծում է, որ այս պահին նմանատիպ հնարավորություն չկա, քանի որ թուրքերը նախապայմաններից չեն հրաժարվում, իսկ հայկական կողմն էլ իրավունք չունի նախապայմաններով հարաբերություններ հաստատել:
Վերջինս համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գրավականը ուժեղ պետություն ունենալն է և Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը, իսկ «Ելք» դաշինքն էլ գրավական է համարում առաջնորդության փոփոխությունը՝ նշելով, որ այդ ժամանակ քաղաքական գործիչները նոր տեսլականով կկարողանան հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն: Այս համատեքստում «Հայաստանի կոմունիստական կուսակցությունն» էլ շեշտում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական աշխատանք՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, ինչպես նաև միջազգային ակտիվ հարաբերություններ Եվրոպայի և Ռուսաստանի հետ :
Հատկանշական է, որ միայն «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն է, որ կարևորում է երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունն՝ անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման:
Համադրական այլ վերլուծականներ՝