ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայրենիքի շահը վեր է ամենից, ժողովրդի ազատ ու ապահով կյանքն առաջնահերթություն է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատգամ է հղել հայ ժողովրդին։ Գարեգին Երկրորդն իր շնորհավորանքի խոսքը հղելով՝ նշել է, որ փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը մարդկության հարատևության հաստատուն երաշխիքն է։

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24):

Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության՝ դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր, պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը»,-նշել է Գարեգին Երկրորդը։

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում։ Նա ընդգծել է, որ այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։

«Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության»,-նշել է կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդը հավելել է, որ հայրենիքի շահը վեր է ամենից, ժողովրդի ազատ ու ապահով կյանքն առաջնահերթություն է։ Ըստ նրա՝ հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։

«Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունն այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»,-եզրափակել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: