ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տնտեսության աճի տեմպը կդանդաղի. ԱՄՀ

ԱՄՀ-ն Հայաստանում 2022-ի համար կանխատեսում է 1.5 տոկոս տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Թանոս Արվանիտիսի գլխավորությամբ, 2022 թ. մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՀ լրատվական ծառայությունը:  «Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին և ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին։

ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ և վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար` ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։

 
«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ. և շարունակելով բարձր աճը 2022 թ. սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ. Բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչև ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ., քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ և փոխառության հատուկ իրավունքի հատկացմամբ  միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված և իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է»,- ասել է Արվանիտիսը:

Նրա խոսքով` ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տարածվող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում,և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեև Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռևս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ. կարող է աճել շուրջ 1,5 տոկոսով՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,- նշել է Արվանիտիսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: