Ըստ ընդդիմության` կարմիր ներկը խորհրդանշում է արյուն, որը բնութագրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
«Այս ղեկավարության օրոք մշտապես մահեր են լինում։ Նրանք իշխանությունը պահելու ձևը գտել են` արյուն թափելն է, 4 տարի մահ ու սուգ են բերել մեր երկրին»,- նշեց շարժման անդամներից մեկը։
Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է. «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
Նրանք նաև վանկարկում են` «առանց Նիկոլ Հայաստա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում։
Ընդդիմադիրները կանգ են առնելու նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գլխավոր շենքերի մոտ։
«Դիմադրություն» շարժման երթը մեկնարկել է Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից։