ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր

2022թ․ հուլիսի 6-ից 8-ը Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրներն և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։

Դեսպան Գալագերն այցելել է Գորիս, Կապան, Մեղրի, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ու հարակից գյուղական համայնքներ, հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։

Վայքում դեսպան Գալագերը հանդիպել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցների հետ, ովքեր մասնակցել են քոլեջի կողմից տրամադրվող առցանց մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին: Այս նախաձեռնությանն աջակցել է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը (CSSF): Դեսպանը ներկա է գտնվել նաև տեղի երիտասարդների համար իրականացված ստեղծագործական և բիզնես հմտությունների զարգացման դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսին։

Դեսպան Գալագերը նաև հանդիպել է վճարովի աշխատանքային պրակտիկայի մասնակիցների հետ։ Այս նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել գործազուրկ անձանց, ներառյալ՝ երիտասարդ կանանց, տեղահանվածներին, վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը նպաստել է տարածաշրջանի խոցելի խմբերի աշխատունակության բարձրացմանը:

Իր հարավային շրջայցի երկրորդ օրը դեսպան Գալագերն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»՝ հանդիպելու այն ծնողների և դեռահասների հետ, ովքեր զարգացրել են իրենց հասակակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները: Նա նաև այցելել է Քարահունջի բարեկարգված ամբուլատորիա։

Շրջայցի վերջին օրը դեսպանն այցելել է Մեղրիի սահմանային անցակետ՝ հանդիպելու մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկելու ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի արդյունքները: Ծրագիրն աջակցել է սահմանը հատող ապրանքների մաքսազերծման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացմանն ու համակարգերի արդիականացմանը։

Իր եռօրյա այցի ընթացքում դեսպան Գալագերը նաև հնարավորություն է ունեցել ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված  աշխատանքները՝ Վայքի մանկապարտեզում և Խոտի միջնակարգ դպրոցում տարհանման վարժանքների ցուցադրման, ինչպես նաև «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով:

Իր հարավային շրջայցի մասին դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում գոհունակություն է հայտնել տարածաշրջանային այցից և Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորող կարևոր ծրագրերից, որոնցից կշահի հայ ժողովուրդը: «Ես անպայման կվերադառնամ այստեղ», - նշել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: