ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզանից զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց տնտեսական միջավայրը կա՛մ փլուզվել է, կա՛մ գահավիժել է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:

«Կարևոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թ. արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թ. համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն՝ մենք միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք և կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թ. տեմպին»,-նշել է  վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ այս տարի Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:

«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, ժպտում էին և քմծիծաղ տալիս: Նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և առաջընթաց է ապրել ընդամենն այն պատճառով, որ շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետևանքով ուղղակի գահավիժել են և անկում են ապրում: Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը և իրենց տնտեսական միջավայրը կա՛մ փլուզվել է, կա՛մ գահավիժել է»,- շեշտել է նա:

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով բյուջեի եկամուտներին, հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժը սկզբունքային նշանակության խոստումներ է տվել հեղափոխության ժամանակ, իսկ անձամբ ինքը խոստացել էր, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնեն 35-40 տոկոս: Վարչապետի խոսքով այդ խոստումը լիարժեք կատարվել է: «2022 թ. արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թ. ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թ. նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թ. 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018 թ. համեմատ: Իսկ 2023 թ. հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով: Դա պլանավորվածն է, որը մենք պետք է իրականացնեք: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ դրամով կգերակատարվի»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով վերջին 4 տարվա աշխատատեղերի ցուցանիշին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ կա հոկտեմբեր ամսվա տվյալներով: «Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ: Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ ստանում և վճարում եկամտային հարկ: Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թ. մայիսի համեմատ 2022 թ. հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելի է 143 հազարով, իսկ 2018 թ. սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվն ավելի է 108 հազարով: 4 տարի 4 ամսվա ընթացքում Կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ»,- ասել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: