ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:

Իր խոսքում, վարչապետը նշել է. «Հարգելի պարոնայք, նախ բոլորիս շնորհավորում եմ և, առաջին հերթին իհարկե Արթուր Դավթյանին, պատմական հաղթանակի և հաջողության առիթով: Շնորհավորում եմ նաև պարոն Մերդինյանին, որովհետև, ինչքանով հասկացա, Ձեր հաղթանակի մեջ էլ պատմական էլեմենտներ կան, ֆեդերացիային եմ շնորհավորում, մարզչական թիմին:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Հասկանալի է, որ նման հաջողություն կարող է ձևավորվել մի միջավայրում, որտեղ նախ տաղանդի շուրջ համախմբում և միայն թիմային աշխատանք կա, և ցանկանում եմ սա ընդգծել: Նաև պիտի ասեմ, որ նման հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են և կարծում եմ, որ նման հաղթանակները նաև պատանիների, երեխաների մեծ ուշադրությունն են հրավիրում, որոնք իրենց հետագա կյանքը պլանավորելու կամ ուղղակի սպորտով զբաղվելու համար մեծ լիցք և հետաքրքրություն են ձեռք բերում:

Պիտի նաև գոհունակությամբ ընդգծեմ, որ հիմա առավել ևս շատ ուրախ եմ, որ որոշում ենք կայացրել, ըստ որի՝ մարմնամարզության նոր մարզադպրոց պիտի կառուցենք, որը զրոյից պետք է ստեղծվի և ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Պիտի անկեղծ ասեմ նաև, այս պատմական հաղթանակից հետո ես հետաքրքրվեցի, թե 2019 թվականի մեր բարեփոխումները նվաճումների հասած մարզիկներին պատվովճարներ վճարելու ինչ վիճակում են և ինչ հարաբերությունների մեջ ենք մենք այս առումով,: Կրկին պետք է գոհունակությամբ արձանագրեմ՝ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը և հույս ունեմ նաև, որ օգնել է ինչ-որ ձևով, որպեսզի մի փոքր կտրվեք առօրեական գործերից և կենտրոնանաք բուն անելիքի վրա:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, պարոն Դավթյան Ձեզնից, պարոն Մերդինյան Ձեզնից, ֆեդերացիայից, մարզչական թիմից՝ այս պատմական նվաճման համար: Հույս ունեմ, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինեն պատմական»:

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Վստահեցնում եմ Ձեզ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքն առավելագույնս կատարել, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեր երկրի մարզական պատիվը բարձր պահել: Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են: Ինչպես Դուք նշեցիք, և ֆինանսական մասով, պարգևավճարների, և ընթացքում բազմաթիվ հարցեր են լինում և մշտապես այդ հարցերը մաքսիմալ դրական լուծում են ստանում: Այդ ամենը նպաստում է, որպեսզի կարողանանք առավել մեծ ոգևորությամբ շարունակել մեր աշխատանքը»:

Արթուր Դավթյանը և Հարությունյան Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել Աշխարհի առաջնությունից և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին ևկհամալրվեն ժամանակակից գույքով:

Անդադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: