ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրազիլիայում կառավարական շենքերի վրա հարձակումներից հետո արտակարգ դրություն է հայտարարվել. 400 մարդ ձերբակալվել է

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում տեղի ունեցած խռովություններից հետո վերադարձել է նախագահական նստավայր՝ Պլանալտո պալատ, որը նախօրեին հարձակման էր ենթարկվել հազարավոր ցուցարարների կողմից: Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները հունվարի  8-ին հարձակվել էին Խորհրդարանի շենքի, Դաշնային գերագույն դատարանի և նախագահի նստավայրի վրա՝ փորձելով տապալել Բրազիլիայի նոր կառավարությունը: Զանգվածային հարձակումը անմիջապես համեմատել են 2021 թ.-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների գրոհի հետ:

Հարձակման պահին Լուլա դա Սիլվան, ով մեկ շաբաթ առաջ է ստանձնել նախագահի պաշտոնը, գործուղման մեջ էր գտնվում Սան Պաուլոյում:

Բրազիլիայի նախագահը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին և խռովությունները ֆինանսավորողներին:

 «Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն անձանց, ովքեր ֆինանսավորել են այս ամենը, ովքեր վճարել են այս բոլոր մարդկանց ուղևորության, բնակության և սննդի համար: Նրանք կվճարեն», - լրագրողների հետ զրույցում ասել է Լուլա դա Սիլվան:

Բրազիլիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել մինչև հունվարի 31-ը: Նա ռազմական ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ իրավապահների այդ անգործությունը չպետք է անպատիժ մնա: 

Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան իշխանություններին հաջողվել է դարձյալ վերահսկողություն հաստատել պետական շենքերի նկատմամբ: Նահանգային իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաք Բրազիլիայում անկարգություններին մասնակցելու համար ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել:

Իր հերթին Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կիրակի օրն ի պաշտպանություն իրեն ակցիա իրականացնողները, ովքեր հարձակվել են կառավարական շենքերի վրա, խախտել են օրենքը:

«Օրինական խաղաղ ցույցերը ժողովրդավարության մի մասն են, սակայն այսօր տեղի ունեցած կողոպուտներն ու հասարակական շենքեր ներխուժումները ... խախտում են սահմանված կարգը», - գրել է նա Twitter-ի իր էջում։

Բոլսոնարուն նաև չհիմնավորված է անվանել Բրազիլիայի նոր վարչակազմի մեղադրանքները, որոնք տեղի ունեցածը կապել են իր հետ։

Տուժածների և զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել: Ըստ նախնական գնահատականի՝ անկարգությունների մասնակցել է շուրջ 5000 մարդ:

Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 1-ին: Միջոցառմանը մասնակցել էին հարյուր հազարավոր բրազիլացիներ: Սակայն նախկին նախագահ Բոլսոնարուի կողմնակիցները հրաժարվել են ընդունել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և վերջին շաբաթներին ռազմական հեղաշրջման կոչեր էին հնչեցնում:

Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ դատապարտել են տեղի ունեցածը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրազիլիայում իշխանության երեք թևերի վրա հարձակումներն անվանել է «վրդովեցուցիչ»: Տեղի ունեցածը դատապարտել և Բրազիլիայի օրինական իշխանություններին իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայի, Բոլիվիայի, Պերուի, Վենեսուելայի, Չիլիի նախագահները, Կանադայի և Հնդկաստանի վարչապետերը, ԱՄՆ-ի պետքարտուղարը, Իտալիայի և Մեքսիկայի արտգործնախարարները, ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և այլոք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: