ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստվում է Մյունխենում Ալիևի հետ հնարավոր հանդիպմա՞նը

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Ուշագրավ է, որ Փաշինյանն ընդգծել է, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Փաշինյանն ասել է, որ փաստաթղթի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ՝ ձգտում են ստանալ մի փաստաթուղթ, որն իրենք ցանկացած պահի պատրաստ են ստորագրել:

Ուշագրավ է, որ հայկական կողմն իր պատասխանները հանձնեց Ադրբեջանին անմիջապես Մյունխենի անվտանգության համաժողովից առաջին, որին մասնակցելու են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի առաջնորդները: Այս պահի դրությամբ դեռ չկա հաստատված տեղեկատվություն սպասվող նման հանդիպման մասին, սակայն չկա նաև դրա բացառում:

Նման հանդիպումը հատկապես հատկանշական ու ուշագրավ կլինի այն համատեքստում, որ ընդամենը վերջին օրերին տարածաշրջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը և կողմերի հետ քննարկում էր հնարավոր խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Եվ ընդհանրապես, ակնհայտ է ռուսական կողմի ակտիվացումը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսման պարագայում դա սեփական միջնորդությամբ իրականացնելու և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում առաջընթաց գրանցելու ձգտումը:

Սակայն, երբ խոսքը գնում էր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, Արարատ Միրզոյանը շեշտել էր, որ դա կարող է տեղի ունենալ և՛ Մոսկվայում, և՛ այլ քաղաքում:

 Մյուս հետաքրքիր հանգամանքը ՌԴ միջնորդի տարածաշրջանային այցի օրերին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի ակտիվ շփումներն են Ադրբեջանի իշխանությունների հետ:

Չնայած այս ակտիվացած գործընթացներին և միջնորդության համար Ռուսաստանի ու Արևմուտքի պայքարին՝ կարծես թե կողմերն այնքան էլ մոտ չեն «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցմանը: Մասնավորապես, Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմը պնդում է Արցախի հայկական բնակչության իրավունքների ու անվտանգության պաշտպանության միջազգային երաշխիքների մեխանիզմների ներդրման վրա, ինչին Ադրբեջանի ԱԳՆ-ն բավական կոշտ արձագանք տվեց՝ հղվելով իրենց այն պնդմանը, թե Արցախին վերաբերող հարցերն իրենց ներքին գործն են և կարիք չկա դրանց միջամտելու:

Ստացվում է, Հայաստանի իշխանությունն իջեցրել է բոլոր նշաձողերն ու հայ-թուրքական ակտիվացած երկխոսության ֆոնին, Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի հետ ցանկացած պահի խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Ադրբեջանը նույնիսկ այդ պայմաններում ավելի մեծ պահանջներ է առաջ քաշում՝ ստիպելով Հայաստանի գործող իշխանությանը լիարժեք ընդունել իր բոլոր պայմանները և մեկընդմիշտ փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի էջը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: