ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շրջափակումը՝ որպես քաղաքական նպատակների հասնելու գործիք. տեղեկանք

Getty Images

Արդեն ավելի քան երկու ամիս է Ադրբեջանը շրջափակված է պահում Արցախի Հանրապետությունը: Շրջափակման հայտարարված նպատակը մեծ հաշվով կապ չունի Բաքվի իրական պլանների հետ: Իսկ իրականում Բաքուն առաջին հերթին ցանկանում է Արցախը հայաթափել, Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատել և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրել:

Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը փաստացի ագրեսիա է արցախահայության նկատմամբ: Սակայն միջազգային հանրությունը դրա հետ կապված հիմնականում սահմանափակվում է  կոչերով, իրավական պարտադիր ուժ չունեցող բանաձևերով: Ադրբեջանին շրջափակումը վերացնել պարտադրող իրական գործողությունները, կարելի է ասել, չեն արվում, թեև նույն միջազգային հանրության համար որևէ կերպ չի կարող տեսական լինել, թե ինչ աղետալի հումանիտար հետևանքների է հանգեցնելու այդ շրջափակումը՝ այդ թվում հակամարտող կողմերի մոտ մեծացնելով առանց այդ էլ միմյանց նկատմամբ առկա անվտահությունն ու թշնամանքը:

Այս ամենին միջազգային հանրությունն այդ թվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել առնչվել:

1992 թվականի ապրիլի 5-ին բոսնիացի սերբերը սկսեցին Սարաևոյի շրջափակումը, որ Երկրորդ աշխարահամատից հետո Եվրոպայում ամենաերկարատև շրջափակումն է եղել: Շրջափակումը բոսնիացի սերբերի պատասխանն էր Հարավսլավիայից Բոսնիան և Հերցեգովինան անկախ հայտարարելու վերաբերյալ տեղի ունեցած հանրաքվեին:

Սերբերը, որոնք բոսնիացի մուսուլմանների և խորվաթների հետ միասին կազմում էին Բոսնիա և Հերցեգովինայի հիմնական մասը, չընդունելով հանրաքվեի արդյունքները, իրենց հերթին հայտարարեցին Բոսնիա և Հերցեգովինայի կազմից դուրս գալու մասին: Քաղաքական այս զարգացումները հանգեցրեցին զինված բախումների և արդյունքում պատերազմի, որի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն պաշարված է եղել 44 ամիս՝ 1992 թվականի ապրիլի 5-ից 1996 թվականի փետրվարի 29-ը: Պաշտոնական տվյալների համարձայն՝ պաշարման 4 տարիների ընթացքում քաղաքում ռազմական գործողությունների և հումանիտար խնդիրների պատճառով զոհվել է 11,5 հազար բնակիչ:

Շրջափակման ընթացքում քաղաքում ծայրահեղ ծանր վիճակ էր ստեղծվել: Ընդ որում, խաղաղ բնակչության կյանքին սպառնում էին ոչ միայն բոսնիացի սերբերի կողմից ամեն օր շարունակվող հրետակոծությունները. քաղաքի բնակչությունը կանգնած էր սովամահության եզրին: Իրավիճակը որոշակիորեն մեղմվեց 1992 թվականի հունիսին, երբ սերբերը քաղաքի օդանավակայանը փոխանցնեցին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողությանը: Շրջափակումից միայն երեք ամիս անց մարդասիրական օգնություն հասավ Սարաևո: Սակայն օդանավակայանի շրջակայքում շարունակվող մարտերի պատճառով պարբերաբար դադարեցվում էր օդանավակայանի աշխատանքը: Ուստի, նույնիսկ օդանավակայանի նկատմամբ ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողությունից հետո քաղաքը շարունակում էր գտնվել մարդասիրական ճգնաժամում:

1993 թվականին բոսնիական ուժերին հաջողվեց գաղտնի թունելով կապվել արտաքին աշխարհի հետ՝ ստանալով ինչպես սպառազինություն, այնպես էլ սննդամթերք և վառելիք: Օրական թունելով Սարաևոն ստանում էր մինչև 30 տոննա ապրանք:

Միջազգային հանրության արձագանքը Սարաևոյի տարիներ շարունակվող շրջափակմանը և հրետանակոծություններին միանշանակ չի եղել: Երկար ժամանակ միջազգային հանրությունը հրաժավում էր հանդես գալ բոսնացի սերբերի դեմ: Պարբերաբար պահանջ էր ներկայացվում սերբերին հետ քաշելու ծանր տեխնիկան: Միջազգային հանրության ոչ բավարար արձագանքի արդյունք է այդ թվում նաև 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայի կոտորածը:

1995 թվականի օգոստոսին Մարկալեի շուկայում տեղի ունեցած պայթյունների շարքը սերբերին ՆԱՏՕ-ի կողմից Սարաևոյի մատույցներից ծանր տեխնիկան հետ քաշելու հերթական վերջնագրի առիթ դարձավ: Սակայն սերբերը այս պահանջը չկատարեցին, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն սկսեց «Մտածված ուժ» ռազմական գործողությունը, որի ընթացքում օդային և հրետանային հարվածներ էին հասցվում բոսնիացի սերբերի դիրքերին:  Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվել է կրակի դադարեցման մասին: Ավելի ուշ վավերացվեցին Դեյթոնյան համաձայնագրերը, և Բոսնիայի և Հեցեգովինայի կառավարությունը 1996 թվականի փետրվարի 29-ին պաշտոնապես հայտարարեց քաղաքի շրջափակման վերացման մասին:

Ոչ պակաս ծանր հումանիտար ճգնաժամ էր ստեղծել Իսրայելի և Եգիպտոսի կողմից Գազայի հատվածի շրջափակումն՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հռթիռակոծությունների, որոնք էլ ավելի հաճակախի էին դարձել 2007 թվականին Գազայում տեղի ունեցած ընտրություններում ՀԱՄԱՍ  ծայրահեղական խմբավորման հաղթանակից հետո:

Շրջափակման միջոցով Իսրայելը հույս ուներ թուլացնել ՀԱՄԱՍ-ը և հասնել իր տարածքի հրթիռակոծությունների դադարեցման: Սակայն շրջափակումը չլուծեց Իսրայելի անվտանգային խնդիրները, Գազայի տարածքից շարունակվող հրթիռակոծություններն արդյունքում հանգեցեցին Իսրայելի կողմից 2009 թվականի դեկտեմբեր-2010 թվականի հունվար ամիսներին Գազայի տարածքում ռազմական գործողություն իրականացնելուն:

Գազայի հիմնական կապը շրջափակման ընթացքում արտաքին աշխարհի հետ եղել են դեպի Եգիպտոսի տարածք փորված թունելները, որոնք պարբերաբար ոչնչացվում էին Եգիպտոսի կողմից: Եգիպտոսի հետ սահմանային անցակետը որպես կանոն գործում էր տարին մի քանի անգամ, իսկ Իսրայելը թույլատրում է միայն միջազգային հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված՝ սահմանափակ քանակությամբ սահմանափակ ապարանքատեսակների: Ընդ որում՝ թույլատրելի ապրանքների ցանկը պարբերաբար փոփոխվում էր;

Միջազգային հանրության ճնշման ներքո Իսրայելը 2010 թվականից թուլացրել է Գազայի հատվածի շրջափակումը՝ չի թույլատրվում հիմնականում ռազմական և երկակի նշանակության ապրանքների մուտքը Գազայի հատված: 2010 թվականին մասնակիորեն բացվեց նաև Եգիպտոսի հետ սահմանային անցակետը:

Պետք է նշենք, որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Պաղետինյան ինքնավարությունը, հիմնակում պայքարում էր հենց շրջափակումը թուլացնելու, այլ ոչ թե վերացնելու համար: Ավելին, նույնիսկ 2010 թվականի մայիսին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի (Free Gaza movement-ի կողմից կազմակերպված հումանիտար օգնությունով մի քանի նավ փորձում էր ճեղքել Գազայի շրջափակումը, ինչն իսրայելական ուժերը կանխեցին՝ այդ թվում ուժի կիրառմամբ) ՄԱԿ-ի հետաքննությունը եկել էր եզարահանգման, որ Գազայի ծովային շրջափակումն օրինական է: Միջազգային հանրությունը հակված էր թուլացնելու շրջափակումն առավելապես նրա համար, որ իր կարծիքով՝ Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը հակառակ ազդեցությունն էր ունենում՝ ՀԱՄԱՍ-ի դիրքերն անկլավում գնալով ավելի էին ամրապնդվում:

Շրջափակումը Գազայի հատվածում տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել, քանի որ հանգեցրել էր ՀՆԱ-ի կրճատման ավելի քան 50 տոկոսով: Շրջափակման միայն մեկ տարվա ընթացքում Գազայում աղքատության մակարդակը եռապատկվել էր: Գազայի բնակչության ավելի քան 80 տոկոսը կախված էր մարդասիրական օգնությունից:

Հումանիտար լրջագույն խնդիրների է հանգեցել նաև աբխազական պատերազմի ժամանակ վրացական զորքերի կողմից 1992 թվականի հոկտեմբերին Տկվարչելի քաղաքի պաշարումը: Քաղաքին հումանիտար օգնություն ցուցաբերվում էր գլխավորապես Ռուսաստանի կողմից: Ռուսական ռազմական ուղղաթիռները պարբաերաբար  քաղաք էին բերում սննդամթերք, դեղորայք, էվակուացնում խաղաղ բնակչությանը: Մոսկվան իր օգնությունը բացատրում էր պաշարված քաղաքում ռուսական մեծ համայնքի առկայությամբ:

1992 թվականի դեկտեմբերին ռուսական ուղղաթիռի խոցումը, որի պատասխանատվությունը վրացական կողմն, ի դեպ,  չի ստանձնել, հիմք դարձավ, որ Ռուսաստանն ավելի բացահայտ կերպով օգնություն ցուցաբերի Աբխազիային: Տկվարչելի պաշարումն ավարտվել է 1993 թվականի սեպտեմբերին, երբ աբխազական զորքերը գրավեցին Սուխումին՝ այդպիսով Տկվարչելին պաշարած վրացական զորքի համար ստեղծելով շրջափակման մեջ ընկնելու լուրջ վտանգ, ինչն էլ ստիպել է նրանց նահանջել:

Սրանք միակ օրինակները չեն ժամանակակից պատմության մեջ, երբ ինչ-ինչ քաղաքական նպատակների համար որպես գործիք կիրառվել է շրջափակումը՝ հարյուր հազարավոր մարդկանց թողնելով հումանիտար լրջագույն խնդիրների մեջ: Միջազգային հանրությունն այս ագրեսիվ գործիքակազմին դիմագրավելու համար գործուն քայլեր ձեռնարկում է հիմնականում այն ժամանակ, երբ ունի հստակ շահեր: Մարդկային տառապանքները և հումանիտար ճգնաժամը թերևս բավարար հիմք չեն: Եվ եթե բերված օրինակներում միջազգային հանրության նման կեցվածքը կարելի է ինչ-որ կերպ արդարացնել ակտիվ ռազմական գործողություններին մաս չդառնալու, տարածաշրջանում անկայունության դեմ պայքարելու պատճառաբանությամբ, ապա Արցախի շրջափակման դեպքում նույնիսկ այս ոչ հիմնավոր բացատրությունը չի կարող լինել: Տարածաշրջանում ռազմական գործողություններ չկան, Արցախը որևէ կերպ տարածաշրջանում անկայություն չի փորձում առաջացնել, ուստի Ադրբեջանի գլխավոր նպատակը հենց հումանիտար ճգնաժամ ստեղծելն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: