ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ներքաղաքական վիճակը ներկա պահին անկանխատեսելի է. Ա. Կոստանյան

Հայ-թուրքական շփումներում վերջին շրջանում նկատելի դարձած ակտիվացման, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրա հետևանքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանի հետ:

 

- Պարոն Կոստանյան, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի իշխանությունների օժանդակությունը, ԱԳ նախարարի այցը Թուրքիա, հանդիպումներն ու հայտարարությունները կարգավորման գործընթացում նոր էջ բացելու տրամաբանության մեջ էին։ Այդ մասին արդեն Հայաստանում խոսեց նաև Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն արագացնել գործընթացը։ Ի՞նչ ակնկալել այս արագացող գործընթացից, որքանո՞վ են Հայաստանի շահերին համապատասխանում ընթացող զարգացումները։

Այնպիսի աղետալի իրադարձություններին, ինչպիսին երկրաշարժն է, օգնություն ուղարկելը մարդասիրական քայլ է, և ճիշտ չէ այն շաղկապել քաղաքական գործընթացների հետ՝ փորձելով դիվիդենտներ շահել: Թուրքիայի երկրաշարժի պարագայում կարելի էր զուսպ կեցվածք դրսևորել՝ հաշվի առնելով տվյալ երկրի վարած քաղաքականությունը Հայաստանի, սփյուռքի և Արցախի նկատմամբ։ Չմոռանանք, որ Թուրքիան ներքաշվեց Արցախյան պատերազմի մեջ, ահաբեկիչներ հասցրեց Արցախ և ներկա պահին սատարում է Ադրբեջանին՝ Բերձորի միջանցքը փակ պահելու քաղաքականության հարցում՝ հստակ հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի շահերին համապատասխան։ Արդ, երբ Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, մենք Թուրքիայում կյանքեր ենք փրկում. սա ո՞ր տրամաբանության մեջ կարելի է տեղավորել։

Իսկ գալով պաշտոնական այցին, նշեմ, որ այդ դիվանագիտական քայլը տեղավորվում է ներկա իշխանության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության տրամաբանության ներքո, այն է՝ ամեն գնով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ անտեսելով անգամ Արցախի կարգավիճակի հարցն ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ավելին, եթե Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները կարողանում էին Հայաստանը դարձնել գործոն և զսպել արևելք -արևմուտք բախումը՝ լինելով միաժամանակ Ռուսաստանի և Իրանի դաշնակից, ապա ներկայիս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնելով՝ մեծացնում են Թուրքիայի և Արևմուտքի դերն Անդրկովկասում: Նման կեցվածքը մի իրավիճակում, երբ Իրանի դեմ հարձակման վտանգը նշմարելի է, իսկ Ռուսաստանի դեմ այլ ճակատ բացելու Արևմուտքի ցանկությունը՝ հստակ, վտանգի տակ է դնում մեր գոյությունը: Ուստի, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն այս իրավիճակում չունի ոչ մի դրական էլեմենտ Հայաստանի համար, և չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և համայն հայության նկատմամբ։

 

- Թուրքիայում երկրաշարժից հետո բավական լարված իրավիճակ է․ ցույցեր, ոստիկանության հետ բախումներ, իշխանություններից դժգոհ հասարակություն։ Միաժամանակ, սպասվում են նաև համապետական ընտրություններ։ Որքանո՞վ է իրավիճակը վտանգավոր, պայթյունավտանգ այսօր Թուրքիայի ներսում։

Թուրքիայի ներքին իրավիճակը ներկա պահին անկանխատեսելի է: Այո՛, մեծանում է Էրդողանի դեմ բողոքը, սակայն միևնույն ժամանակ կա ներքին և արտաքին որոշիչ օժանդակություն։ Մինչ երկրաշարժը թուրքական ընդդիմությունը պարզապես չուներ բավարար ուժ սպասվող ընտրություններում գործող իշխանություններին հաղթելու համար: Ավերիչ երկրաշարժից հետո այսօր ծագել է մեկ այլ վտանգ՝ ներքին ծայրահեղական խմբավորումների ի հայտ գալը և քրդական շրջանների՝ երկրաշարժից ստացած մեծ վնասը, որը կարող է քաղաքական դրսևորումներ ստանալ։ Համենայնդեպս, ներկայումս, հաշվի առնելով բոլոր այս խնդիրները, պիտի արձանագրենք, որ, այնուամենայնիվ, Էրդողանի իշխանությանը վտանգ չի սպառնում։

 

- Ինչպե՞ս կանդրադառնան երկրաշարժը և ստեղծված լարված ներպետական վիճակը Էրդողանի վարած արտաքին քաղաքականության վրա։

Հարկ եմ համարում նշել, որ մինչ երկրաշարժը Թուրքիան ցանկություն էր հայտնել նորից հարաբերությունները բարելավել Սիրիայի հետ. հստակ է, որ Թուրքիայի տարածաշրջանի դաշնակիցները պարտություն կրեցին, նրա տնտեսական վիճակը հետընթաց էր ապրում և այս է պատճառը, որ նա ցանկանում էր որոշ ժամանակով հետքայլ կատարել իր նվաճողական քաղաքականությունից, ժամանակ շահել: Նման պայմաններում Հայաստանի շահերից էր բխում դաշնակիցների հետ միասին ստանալ լուծումներ, և ոչ թե Անկարայի հետ բարիդրացիական հարաբերություններ հիմնելու ցանկություն հայտնել։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: