ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան

ՀՀ կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման գործընթացի, հնարավոր խոչընդոտների, ՄՔԴ անդամ-պետություն դառնալուց բխող հնարավորությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրավագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Հակոբյանի հետ։ 

 

 


-        Պարոն Հակոբյան, Հայաստանը գործընթաց է սկսել ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ: Որքանո՞վ է այս գործընթացը կարևոր այսօր և ի՞նչ խնդիրներ են լուծվելու Հռոմի ստատուտի վավերացմամբ:

- Վավերացումը կարևոր է մի քանի տեսանկյունից։

Առաջին՝ Միջազգային քրեական դատարանը հանցավորության դեմ պայքարի կարևոր մեխանիզմ է։ Ճիշտ է՝ նրան ընդդատյա են միայն միջազգային հանցագործությունները, սակայն դրանք ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող հանցանքներն են (օրինակ` պատերազմական հանցագործությունները)։ Այս տեսանկյունից՝ Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանին նշանակում է մեծացնել մեր համեստ ներդրումը միջազգային հանցագործությունների դեմ պայքարում։

Երկրորդ՝ անդամակցությունը դրական է ազդում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Միջազգաին քրեական դատարանի անդամ դառնալը ուղերձ է հղում, որ Հայաստանը կողմ է միջազգային հանցագործությունների կանխմանը և դեմ՝ անպատժելիությանը։ Հայաստանը դառնում է 100-ից ավել պետություններից բաղկացած համայնքի անդամ։

Երրորդ՝ մեր անդամակցությունը կարող է զսպող գործոն լինել այն պետությունների համար, որոնք մեր երկրի համար ռազմական վտանգ են ներկայացնում։ Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն պատերազմ սկսելուն, այլև՝ պատերազմի ընթացքին։ Նվազում է այն անպատժելիության հնարավորությունը, որը, ցավոք, տեսել ենք վերջին տարիներին։

Եվ չորրորդ՝ անդամակցությունը դրական, բարոյահոգեբանական ազդեցություն կունենա մեր հասարակության վրա։ Կարծում եմ՝ կառաջանա այն համոզումը, որ պատերազմական վայրագությունները այլևս անպատիժ չեն մնալու, եթե, իհարկե, ռազմական գործողությունները վերսկսվեն։ Մենք ծարավ ենք արդարադատության, և այդ ծարավը կարող է հագուրդ ստանալ։

 

-        2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը հակասող: Հիմա այս խոչընդոտները իրավական հարթության մեջ լրիվ վերացե՞լ են և արդյո՞ք նախկինում Հռոմի ստատուտի չվավերացնելը զուտ իրավական հակասություններով էր պայմանավորված:

- 2004 թվականի ՍԴՈ-502 որոշմամբ Սահմանադրական դատարանը առանձնացրել էր այդպիսի հակասության երկու դրվագ։ Առաջինն այն էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը գալու էր լրացնելու մեր ներպետական դատարանների իրավազորությանը, ինչը կհակասեր այն սահմանադրական կանոնին, որ մեր երկրում արդարադատության իրականացումը հանդիսանում է ՀՀ դատարանների բացառիկ իրավասությունը: Իսկ երկրորդն այն էր, որ Միջազգային քրեական դատարանի դատավճիռները պարտադիր են ու անդամ-պետությունների կողմից փոփոխման ոչ ենթակա, և այդ հանգամանքը կզրկեր ՀՀ իրավասու մարմիններին ներում և համաներում կիրառելու հնարավորությունից։

Իմ մասնագիտական կարծիքով՝ այդ հակասություններից, իրականում, առկա էր միայն երկրորդը։ Իսկ առաջինի դեպքում Սահմանադրական դատարանը սխալվել էր, քանի որ, ըստ իս, Միջազգային քրեական դատարանին անդամակցելը չի սահմանափակում որևէ անդամ-պետության ներպետական դատարանների գործառույթները։

2004 թվականի որոշումը հիմնված էր 1995թ․ Սահմանադրության վրա։ Ինչպես գիտենք, մինչ օրս երկու անգամ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ։ Սակայն եթե համեմատենք խնդրահարույց հոդվածների հին ու նոր շարադրանքները, կտեսնենք, որ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Իմ կարծիքն է, որ ներմանը վերաբերող դրույթները Սահմանադրության մեջ պետք է փոփոխվեն, որպեսզի հնարավոր դառնա Հռոմի ստատուտի վավերացումը։ Այդ փոփոխությունը կարող է լինել շատ պարզ․ օրինակ՝ կարելի է ավելացնել դրույթ այն մասին, որ ներում և համաներում չի կարող կիրառվել ՀՀ անդամակցությամբ միջազգային դատարանի կողմից դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրա հիմնադիր փաստաթղթով ներումն ու համաներումը արգելված են։

Իսկ այն հարցի կապակցությամբ, թե ինչով էր պայմանավորված նախկինում Հռոմի ստատուտի չվավերացնելը, պետք է ասեմ, որ, այո, այն չէր կարող վավերացվել, քանի դեռ չկար Սահմանադրական դատարանի հավանությունը։ Սակայն սա չի նշանակում, թե ՍԴՈ-502 որոշումը վերջնականապես փակել էր հարցը։ Եթե անգամ բացառենք հատուկ այդ հարցով սահմանադրական փոփոխություն կատարելու նպատակահարմարությունը, այդ փոփոխությունը կարող էր ներառվել 2005 թվականի կամ 2015 թվականի փոփոխությունների փաթեթի մեջ։ Ենթադրում եմ, որ անգործության պատճառը եղել է այն, որ Միջազգային քրեական դատարանի դերն ու կարևորությունը չի գիտակցվել այնպես, ինչպես որ՝ հիմա։

 

-        Ստատուտը վավերացնելուց և Միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորություն ունենալուց հետո հետադարձ ուժով հնարավո՞ր են դիմումներ, ո՞ր ժամանակահատվածից սկսած իրականացված հանցագործությունների առնչությամբ կարող ենք դիմել ՄՔԴ:

- Իսկապես, կարևոր է խոսել նաև մինչ վավերացումը տեղի ունեցած հանցագործությունների կապակցությամբ քննություն իրականացնելու մասին։ Դրա հնարավորությունը կարող է բացվել Հայաստանի կողմից համապատասխան հայտարարություն անելու դեպքում։ Ընդ որում՝ այդ հայտարարությունը անջատ է վավերացման գործընթացից, այսինքն՝ մեկը մյուսով պայմանավորված չէ, թեև կոնկրետ այս դեպքում օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է և՛ Հռոմի ստատուտի վավերացմանը, և՛ հայտարարությանը։

Քանի որ այդ երկու ընթացակարգերը փոխկապված չեն, համապատասխան հայտարարությունը Հայաստանը կարող է անել՝ անկախ նրանից՝ Սահմանադրական դատարանը սպասվող որոշմամբ ինչ եզրահանգման կգա։ Այդ որոշումը վերաբերելու է միայն վավերացման հարցին։

Արդեն տեղի ունեցած հանցագործության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ընդունելու մասին հայտարարությունը հետադարձ կարգով բացում է քննություն իրականացնելու հնարավորությունը։ Սակայն հանցագործությունը պետք է տեղի ունեցած լինի 2002 թվականից ոչ շուտ, քանի որ այդ ժամանակ է Հռոմի ստատուտը մտել ուժի մեջ։ Հայաստանը նախատեսում է ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ից սկսած։

 

-        Ի՞նչ ընթացակարգ անցնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կհամարվի ՄՔԴ լիարժեք անդամ:

- Եթե Սահմանադրական դատարանը այս անգամ հակասություններ չարձանագրի Հռոմի ստատուտի և Սահմանադրության միջև, հաջորդ քայլը լինելու է Ազգային ժողովի կողմից հարցի քննարկումը։ Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացնելուց հետո կմնան մի քանի արարողակարգային քայլեր, և Հայաստանը կհամարվի Միջազգային քրեական դատարանի անդամ-պետություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: