ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը լքեց Միջազգային քրեական դատարանը. ո՞վ կլինի հաջորդը

www.activistpost.com

Նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով ՌԴ-ն դուրս եկավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտից, որն, ի դեպ, արդեն ավելի քան 16 տարի է ինչ ստորագրել, բայց այդպես էլ չէր վավերացրել: Պաշտոնական Մոսկվան նախագահի այս որոշումը բացատրում է երկրի ազգային շահերի պաշտպանության կարևորությամբ: Սակայն, նման որոշման ընդունման նախօրեին ՄՔԴ-ի դատախազ Ֆատու Բենսուդան Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի քննության համատեքստում ուշագրավ հայտարարություն էր արել Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հետ կապված՝ այս փաստը մեկնաբանելով որպես ՌԴ և Ուկրաինայի միջև զինված հակամարտության և Ուկրաինայի տարածքի բռնազավթման արդյունք: Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Հռոմի ստատուտից դուրս գալու որոշումը պայմանավորված էր նաև ՄՔԴ-ի այս և նմանաբնույթ այլ հայտարարություններով: Նշենք նաև, որ ՄՔԴ-ն ընդգծված հակառուսական դիրքորոշում ուներ նաև 2008-ի ռուս-վրացական պատերազմի առնչությամբ, ինչի հետ կապված ևս ՌԴ-ն բազմիցս հնչեցրել է իր դժգոհությունները:

Որպես Հռոմի ստատուտից դուրս գալու հիմնական պատճառ՝ ռուսական կողմը բերում է այն հանգամանքը, որ Միջազգային քրեական դատարանն իր ստեղծման պահից ի վեր չի արդարացրել այն սպասելիքները, որ ունեցել են Հռոմի ստատուտը մշակած ու ստորագրած պետությունները, որոնց թվում է եղել նաև ինքը՝ Ռուսաստանը: Միջազգային հանրությունը, որոշում կայացնելով ստեղծել միջազգային քրեական արդարադատություն իրականացնող մարմին, հույս ուներ, որ այն կդառնա լիովին անկախ, անկողմնակալ, արդար ատյան, սակայն, Մոսկվայի ընկալմամբ, այս սպասումները չեն արդարացել:

Միջազգային քրեական դատարանից «դժգոհ» պետությունների թիվը, սակայն, չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Այս դատական ատյանի անկողմնակալությունն ու անկախությունը բազմիցս կասկածի տակ են դրել հատկապես Աֆրիկյան պետությունները՝ պնդելով, թե դատարանը ռասայական խտրականության հիման վրա է գործում, իսկ թիրախում միայն աֆրիկացիներն են: Հենց այս հիմնավորմամբ էլ ՄՔԴ-ից դուրս են եկել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, ավելի ուշ՝ Գամբիան: ՄՔԴ-ից ունեցած դժգոհության արդյունքում է, որ արդեն մի քանի տարի է Աֆրիկայի պետությունները քննարկում են նմանատիպ սեփական դատական ատյանն ունենալու կարևորությունը:

Միջազգային քրեական դատարանի արդյունավետությունը ընդհանուր առմամբ գնահատվում է անբավարար: Դրա մասին են վկայում նաև բերվող փաստերը: Եվ այսպես, Հռոմի ստատուտի ստորագրումից (1998 թվական) և ուժի մեջ մտնելուց (2002թ.) հետո ամբողջ ժամանակահատվածում (14 տարի) դատարանի կողմից քննվել է 23 գործ, որոնցից միայն 5-ն է հաջողվել ավարտին հասցնել (ի դեպ՝ բոլորը Աֆրիկայից): Եվ սա այն դեպքում, երբ դատարանի գործունեության ապահովման համար տարեկան միլիոնավոր դոլարներ են հատկացվում (միայն 2016-ին՝ 140 միլիոն եվրո): Միջազգային հանրությունը մեկ անգամ չէ, որ այս առնչությամբ արտահայտել է իր դժգոհությունը: Դատարանի գործունեության դեմ հանդես են գալիս այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և այլն:

Ի դեպ, ՌԴ-ի՝ Հռոմի ստատուտից դուրս գալու որոշումից անմիջապես հետո վերջինիս քայլին հետևելու ցանկություն հայտնեց նաև Ֆիլիպինները, իսկ ավելի վաղ նման ցանկություն էին հայտնել նաև Քենիան, Ուգանդան և մի շարք այլ պետություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: