ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողով. ի՞նչ է քննարկվել (տեղեկանք)

Մարտի 16-ին Անկարայում կայացավ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթաժողովը, որը կրում էր «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարում և մարդասիրական օգնություն» անվանումը։ Այն կազմակերպվել էր Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, ինչի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացման խոսքում «իր երախտագիտությունն է հայտնել եղբայրական Ադրբեջանի նախագահին»: Գագաթաժողովից առաջ Էրդողանը «փակ դռների հետևում» նաև առանձին հանդիպումներ է ունեցել Անկարա ժամանած թյուրքալեզու երկրների ղեկավարների հետ։ Ուզբեկստանի և Թուրքիայի միջև բազմակողմ և փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար՝ տեղի է ունեցել նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային «Բարեկամություն շքանշանով» պարգևատրելու արարողությունը։ Իսկ մինչ թյուրքալեզու երկրների ղեկավարներն առանձնազրույց էին ունենում, այդ ընթացքում կայացել է նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Ինչ վերաբերվում է գագաթաժողովի բուն օրակարգին, ապա հիմնական շեշտը դրվել է Թուրքիայում երկրաշարժերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և թյուրքական աշխարհի համագործակցության վրա: Այլ կերպ ասած, այս գագաթաժողովը բացառապես նվիրված էր  Թուրքիային համերաշխություն հայտնելուն և թյուրքական աշխարհի, այսպես ասած, «միասնականությունը» ընդգծելուն: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչներն իրենց ելույթներում բոլորն անխտիր նշել են, թե «որքան միասնական և համերաշխ է թյուրքական աշխարհը»: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ գագաթաժողովը թյուրքական աշխարհի միասնության և համախմբվածության ևս մեկ ցուցիչ է: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդգծել է, որ այս կարևոր պահին թյուրքական պետությունները դրսևորել են անբասիր միասնություն և համերաշխություն՝ մաղթելով, որ եղբայրությունն ու փոխադարձ աջակցությունը լինեն մշտական։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նշել է, որ ղրղզ և թուրք ժողովուրդների հինավուրց պատմական կապերը կշարունակվեն նաև հետագայում: Իսկ Ուզբեկստանի նախագահն, ավելի հեռուն գնալով, առաջարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում փետրվարի 6-ը հայտարարել «Մահացածների հիշատակի, միասնության, հավասարության և համերաշխության օր»՝ միասին հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը։  Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի (Խալկ Մասլախաթի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էլ, իր հերթին, հույս է հայտնել, որ իր երկիրը կընդունվի որպես այս կազմակերպության մշտական անդամ՝ Թուրքմենստանի նախագահի՝ հաջորդ գագաթաժողովին մասնակցությամբ, ինչպես նաև կարևորել է թյուրքական պետությունների բազմակողմանի բարեկամական և եղբայրական աջակցությունը և միասնությունը նման դժվարին պահին…

Գագաթաժողովի ընթացքում բացի միմյանց համերաշխություն և միասնականություն ցանկանալուց, քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ կազմակերպության երկրները «ռազմավարական դեր կխաղան ոչ միայն տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների ընդլայնման, այլ նաև էներգետիկ անվտանգության համատեքստում»։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արտգործնախարարների խորհրդի նիստին նշել է, որ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին զուգահեռ մեծանում է թյուրքալեզու պետությունների նշանակությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Որպես թյուրքական երկրների միջև հաջող փոխգործակցության օրինակ՝ նա նշել է համագործակցությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի և Անդրանատոլիական գազատարի (TANAP) շրջանակներում։ Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում կրկին նշել է, որ կարևոր է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում, ինչը կնպաստի «Միջին միջանցքի» (սկսվում է Թուրքիայից և անցնում Կովկասի տարածաշրջանով Վրաստանի, Ադրբեջանի տարածքով, Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով և հասնում է Չինաստան)  արդյունավետության բարձրացմանը։ Նշենք, որ դեռևս 2021թ.-ի նոյեմբերին Թյուրքալեզու պետությունների կազմակերպության VIII գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում կազմակերպության անդամները որպես Անդրկասպյան Միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքի շրջանակներում ավելի լավ կապ հաստատող հնարավորություն կարևորել էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», և կոչ էին արել անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:  Չնայած նրան, որ նախօրեին ընդունված հռչակագրում «Զանգեզուրի միջանցքին» որևէ անդրադարձ  չկա, սակայն նշենք, որ դրան իր ելույթում առանձին անդրադարձել է Ադրբեջանի նախագահը՝ կրկին նշելով, որ «Հայաստանը խուսափում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները»: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն անգամ չկա… Նշենք, որ հիմնադրման օրվանից սկսած՝ Թյուրքալեզու երկրների կազմակերպությունն իր ընդունած հռչակագրերում մշտապես անդրադարձել է Արցախյան հակամարտությանն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, սակայն նախօրեին ընդունված փաստաթղթում որևէ կետ վերաբերվող Հայաստանին կամ Արցախին չի ներառվել դրանում:  

Գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն առավել հասկանալի դարձնելու համար ստորև կներկայացնենք այդ հռչակագրի առավել կարևոր կետերը.

Կազմակերպության անդամ-երկրները՝

  • պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն անդամ-պետությունների՝ աղետների կառավարման ազգային մարմինների միջև՝ հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում կարիքները արդյունավետ, համակարգված և ժամանակին լուծելու համար և այդ կապակցությամբ համապատասխան մարմիններին հանձնարարել են մինչև Թուրքեստանում (խմբ.-քաղաք Ղազախստանի Հանրապետություն) կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթաժողովը կնքել «Թյուրքական պետությունների կազմակերպության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծման մասին» համաձայնագիր:
  • բարձր են գնահատել դիտորդ պետությունների ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը, և ընդգծել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մասնակցությունն արտահերթ գագաթաժողովին,
  • ողջունել են Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն է մոբիլիզացնել անդամ պետությունների տնտեսական ներուժը և ամրապնդել նրանց միջև առևտրատնտեսական համագործակցությունը,
  • վերահաստատել են իրենց համոզմունքը Ղազախստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում առաջիկա համընդհանուր և նախագահական ընտրությունների, ինչպես նաև Ուզբեկստանում հանրաքվեի հաջող ավարտի վերաբերյալ,
  • իրենց երախտագիտությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին նրա ամուր և տևական ավանդի, ինչպես նաև թյուրքական աշխարհում միասնության և համերաշխության, անվտանգության և բարգավաճման գործում,
  • վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Թյուրքական լեզվի համաշխարհային օր» հռչակելուն,
  • խստորեն դատապարտել են Ղուրանի դեմ վերջերս կատարված ատելության հանցագործությունները, որոնք վիրավորում են բոլոր մահմեդականներին և կարող են հիմք ստեղծել ռասիստական, այլատյացության և իսլամաֆոբիայի նոր սադրանքների և հարձակումների համար,
  • դատապարտել են Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ մահացու զինված հարձակումը և կոչ են արել արագ և համապարփակ հետաքննություն իրականացնել՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
  • Համաձայնվել են հանձնարարել անդամ պետությունների արտաքին գործերի նախարարություններին և այլ համապատասխան հաստատություններին արագացնել առաջիկա 10-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: