ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, հայտնում են Արմենպրես-ը:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող հումանիտար աղետի մասին ահազանգերը։ 

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։

«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն Բաքուն մինչ օրս անտեսում է դատարանի որոշումը՝ շարունակելով փակ պահել միջանցքը։ Հարցին, արդյոք պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ ստիպելու վերջինիս բացել Լաչինի միջանցքը, Նատալի Լուզոն պատասխանեց․

«Երբ որևէ մեկը հարցնում է պատժամիջոցների մասին, նա պետք  է վստահ լինի, որ դրանք կարող են ընդունվել։ Ես չգիտեմ՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր կապերն արդեն իսկ անցած տարի խանգարել են, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն անի։ Սակայն նոր իրողություն կա՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և փաստը, որ Բաքուն մինչ այս պահը անտեսում է այդ որոշումը»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ներկայացրեց նաև իր տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը կերաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։  Նրա գնահատմամբ՝ ժամանակն է, որպեսզի վստահության միջոցներ ձեռնարկվեն, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների ազատ արձակումը, զինվորականների և քաղաքացիական անձանց մարմինների վերադարձը, անհետ կորածների վերաբերյալ թափանցիկությունը և մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությունը։

Նատալի Լուզոն շեշտում է՝ խաղաղության բանակցությունները պետք է կառուցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: