ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքում է Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակի բացման դեմ. The Times of Israel

timesofisrael

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից: Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ գրում է The Times of Israel-ը։

«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:

Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, և Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:

Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ Ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը և կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայում բնակվում է երկրի 15 000 էթնիկ հայերի գրեթե կեսը, և քաղաքի Բեն Գուրիոնի պողոտայի երկայնքով Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը երկրորդ դեպքն է, երբ Իսրայելի տեղական իշխանությունն ընդունում է վայրագությունները: 2020 թվականին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պետահ Տիկվայում բացվեց զոհերի հուշարձանը, որը հետագայում անվանվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու:

Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետևել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայելի Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը»,- գրել է նա: Թուրք դիվանագետները, հավելել է նա, «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից:

Պարբերականը նկատել է նաև, որ վերջին տարիներին ճանաչման նոր խոչընդոտ է ի հայտ եկել՝ Իսրայելի կապերի խորացումն Ադրբեջանի հետ, նավթով հարուստ երկիր, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ և սահմանակից է Իրանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: