ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն ու Կանադան արտաքսել են միմյանց դիվանագետներին

Չինաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Շանհայում Կանադայի հյուպատոս Ջենիֆեր Լին Լալոնդեին. նա պետք է լքի երկիրը մինչև մայիսի 13-ը, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«Որպես Կանադայի անարդար քայլի պատասխան՝ Չինաստանը որոշել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Շանհայում Կանադայի գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Լին Լալոնդեին, նրան խնդրում ենք լքել Չինաստանը մինչև մայիսի 13-ը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Դա տեղի է ունեցել Կանադայի իշխանությունների՝ Տորոնտոյում Չինաստանի հյուպատոսության աշխատակից Չժաո Վեյին երկրից արտաքսելու որոշումից հետո։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Չինաստանին մեղադրել է ներքին գործերին միջամտելու համար և նշել, որ Չժաոյին վտարելու որոշումը կայացվել է «բոլոր առկա գործոնները մանրակրկիտ դիտարկելուց հետո»։ Կանադայի իշխանությունները չինացի դիվանագետին մեղադրում են պահպանողական պատգամավոր Մայքլ Չոնգի և նրա ընտանիքի մասին անձնական տեղեկություններ հավաքելու և նրան հետապնդելու համար։

Մայիսի սկզբին Globe and Mail-ը, հղում անելով Կանադայի հետախուզության 2021 թվականի գաղտնի զեկույցին, գրել էր, որ Չինաստանի հետախուզությունը «կոնկրետ գործողություններ է ձեռնարկել կանադացի պատգամավորների դեմ», որոնք քննադատել են Պեկինի ճնշումը ույղուրների և այլ թյուրք ժողովուրդների նկատմամբ և Չինաստանի գործողությունները «ցեղասպանություն» անվանել։

Globe and Mail-ի աղբյուրը հայտնել էր, որ Չոնգը այդ պատգամավորների թվում է, և Չժաո Վեյն է եղել, ով տեղեկություններ է հավաքել նրա մասին:

Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադայի հետախուզության և անվտանգության ծառայությանը կխնդրի կառավարությանը տեղեկություններ տրամադրել պատգամավորներին ուղղված սպառնալիքների մասին Չոնգի գործի լույսի ներքո: Ինքը՝ Չոնգը, մեկնաբանելով միջադեպը, ասել է, որ Կանադայի կառավարությունը պետք է այս հարցի շուրջ քայլեր ձեռնարկեր «շատ տարիներ առաջ»։

Օտտավայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է իր դիվանագետին արտաքսելու Կանադայի որոշումը և հայտարարել, որ նա հերքում է երկրի ներքին գործերին միջամտությունը։

«Եթե կանադական կողմը անխոհեմ գործի, Չինաստանը վճռականորեն կպատասխանի»,- ասվում է Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: