ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կարևորում են Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու ջանքերին

Հայաստանը համարում է, որ միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունի՝ աջակցելու Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերին, այս առումով Հայաստանը մեծ դեր է տեսնում նաև Գերմանիայի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովում:

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն և կիսում են ընդհանուր արժեքներ, մասնավորապես՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը:

«Առաջնորդվելով այդ արժեհամակարգով՝ Գերմանիան գործուն աջակից է եղել թե Հայաստանում ընթացող արմատական բարեփոխումներին, և թե տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը ուղղված ջանքերին»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա ներկայացրեց, որ անվտանգային իրավիճակը  տարածաշրջանում շարունակում է չափազանց լարված մնալ, այնուամենայնիվ, չնայած առկա լրջագույն մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է մնալ կենսունակ և տոկուն երկիր: «Հայաստանի ժողովուրդը մշտապես տոկունություն է ցուցաբերել դժվարություններին դիմակայելու հարցում և աշխատում է իր երկրի համար ավելի բարեկեցիկ և կայուն ապագա կառուցելու ուղղությամբ: Այս առումով միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունի՝ աջակցելու Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը: Այստեղ մեծ դեր ենք տեսնում նաև Գերմանիայի համար»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ Գերմանիան աներկբա սատարել  է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, աջակցել է հակամարտությունը բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, հանդես է եկել ԼՂ-ում մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանության օգտին:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն բազմաոլորտ համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամության:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերություններն ավելի են ամրապնդվել և խորացել տարբեր ոլորտներում՝ այդ թվում քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

Երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի այցելությունները նպաստում են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը:

«Հայ-գերմանական հարաբերությունների քաղաքական հարթությունը ձևավորվել է մի շարք գործոններով, ներառյալ՝ տնտեսական հարաբերությունները, քաղաքական աջակցությունը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունն ու ԵՄ-ի հետ գործընկերությունը խթանելու ջանքերը: Պատահական չէ և շատ սիմվոլիկ է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ղեկավարում է հենց Գերմանիայի ներկայացուցիչը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա խոսեց նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մասին: Գերմանիան Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրոպայում, կապերը շարունակում են ընդլայնվել ամեն տարի: Փոխնախարարը շոշափելի համարեց Գերմանիայի ներդրումները Հայաստանում, ինչը նպաստում է երկրում աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: