ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ 

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, 

Ազգային ժողովի պատգամավորներ,

Դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ կառավարման հանրապետական կարգով պետություն ստեղծեց: Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության և աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը:

Բայց Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, նաև այն պատճառով, որ հաղթելով գոյամարտում, հռչակելով պետություն՝ մենք անկախ պետությունում ապրելու մեր տեսլականը չհասցրեցինք ձևակերպել, առաջին հանրապետությունում ապրելը չհասցրեցինք ինքներս մեզ համար դարձնել հարմարավետ և շահավետ:

Առաջին Հանրապետությունը չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը՝ Առաջին Հանրապետության անկման պատճառ դարձան:

Սրանով, սակայն, Առաջին Հանրապետության դերն ամենևին չի նսեմանում: Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ, և առաջին անգամ ունեցավ Հանրապետություն և այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են:

Այդ բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն և ոչ թե հեռավոր մի ապագայում և պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է և ոչ թե հետո:

Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո և կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է:

Այդ պետությունը և՛ նպատակ է, և միջոց: Նպատակ է, որովհետև հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը, միջոց է, որովհետև հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարևանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը:

Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել և հետևողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետև մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության և ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին:

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: