ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունելի է. Արցախի ԱԺ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Խորհրդարանի նախագահի ողջույնի խոսքում ասվում է.

«Տևական ժամանակ է, ինչ Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն, ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։

Այս ամենի համապատկերում ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։

Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:

Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հրավիրել փաստահավաք առաքելությամբ այցելելու Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Այդ համատեքստում հայտնում ենք, որ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Կարևոր է նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:

Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում հակամարտությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: