ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանում անցկացված վեհաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը դատապարտող հայտարարություն է ընդունվել

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովը, որը կրում էր «ՈՒՄՎ 30 տարիները. նոր մարտահրավերների և նոր հեռանկարների առջև» խորագիրը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվական վարչությունից, վեհաժողովի ավարտին ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի առաջարկությամբ նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում դատապարտվում էր նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը: Վեհաժողովին մասնակցել են 19 երկրների խորհրդարանների պատվիրակներ և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիսակ Գաբրիելյանը մասնակցել է վեհաժողովին նախորդած միջազգային քարտուղարության փակ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության հետագա գործունեության հետ կապված հարցեր:

Վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, բարձր է գնահատել վերջինիս դերը միջկրոնական հակասությունների հաղթահարման և միջկրոնական երկխոսության խորացման գործում: Նա կարևորել է ՈՒՄՎ դերը նաև տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության բացառիկ հարթակ ստեղծելու գործում, որը նպատակ ունի պաշտպանել քրիստոնյաների կրոնական իրավունքներն ու ազատությունները և առաջ մղել խաղաղության քաղաքականություն: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաև Արցախի շրջափակմանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների գրավմանը և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, մանրամասն ներկայացրել հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևը, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: