ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միրզոյանը կոչ արեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ արեց հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերը պահպանեն անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Միրզոյանն այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի անվտանգության խորդի նիստում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում: 

«Պարո՛ն նախագահ,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Շնորհակալություն են հայտնում Անվտանգության խորհրդին այս հրատապ հանդիպումը հրավիրելու համար՝ Ադրբեջանի՝ չհրահրված և նախապես ծրագրավորված զինված հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով:

Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատման ուղիներ փնտրելու նպատակով, մինչ մենք բոլորս խոսում ենք ուժի կիրառման դատապարտման, մարդու կողմից ստեղծված աղետների հետևանքով մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու հրամայականի մասին, մինչ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր ներդրումն ունենալու խաղաղությանը, սեպտեմբերի 19-ին հարավկովկասյան մեր տարածաշրջանում Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Լեռնային Ղարաբաղի բառացիորեն ամբողջ տարածքը, Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվեցին ինտենսիվ և համատարած ռմբակոծման հրթիռների, ծանր հրետանու, մարտական ԱԹՍ-ների և ավիացիայի, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ: Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից հստակ է դառնում, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է:

Լայնածավալ այս ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց սոսկալի բնույթը: Դրանք դեռևս շատ նախնական են, քանի որ կենսական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, հեռախոսային մալուխների, կայանների և համացանցային սարքավորումների թիրախային հարձակման հետևանքով բնակչությունն ամբողջապես կտրվել է միմյանց հետ կապից և զրկված է տեղում առկա իրավիճակը ներկայացնելու հնարավորությունից: Միևնուն ժամանակ ադրբեջանական զորքերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհները, ինչն անհնարին է դարձում այցելելն ու տեղում տեղեկատվություն ստանալը:

Ներկա պահին հաստատված է 200-ից ավել զոհերի և 400-ից ավել վիրավորի մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում, ինչը նաև այսօր ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ավելի քան 10.000 անձինք ենթարկվել են բռնի տեղահանման, ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ովքեր մնացել են բաց երկնքի տակ՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների: Հազարավոր ընտանիքներ բաժանվել են: Եթե այս ամենին հավելենք 2020թ. պատերազմի հետևանքով 20.000 բռնի տեղահանվածներին, ակնհայտ կդառնա, տեղում՝ Լեռնային Ղարաբաղում, առկա են հսկայական հումանիտար կարիքներ:

Մարդիկ շարունակում են սովահարության մատնվել 10 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի սուր պակասի պատճառով։

Առողջապահական համակարգը կաթվածահար է: Հիվանդանոցների էլեկտրականության մատակարարումն ամբողջությամբ խաթարված է, և առկա է դեղորայքի սուր պակաս։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Վառելիքի բացակայությունն անհնարին է դարձնում շտապօգնության մեքենաների միջոցով վիրավորների՝ հիվանդանոցներ տեղափոխությունը։

Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարաններն իրապես ցնցող են. անօթևան և սովի մատնված կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, մայրեր՝ իրենց կորած երեխաների հուսահատ փնտրտուքների մեջ, Ադրբեջանի կողմից իրենց ամուսինների հնարավոր բանտարկության ահից սարսափած ու լացակումած կանայք: Բարդ է հավատալ, որ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ և ոչ թե 100 տարի առաջ, այլ հենց այսօր՝ 21-րդ դարում: Սոցիալական ցանցերը լի են Լեռնային Ղարաբաղում ապրող՝  իրենց բարեկամների և երեխաների փնտրող հայերով: Կացարաններում կամ փողոցներում հարկադրված հայտնված երեխաները հրաժարվում են ընդունել, որ իրենք այլևս անօթևան են և շարունակաբար լացելով խնդրում են ծնողներին վերադառնալ իրենց տներ: Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկի հրետակոծության ժամանակ 8-ամյա տղա է անհետ կորել, նրա 10-ամյա ավագ եղբայրը դարձել է հրետակոծության զոհ, իսկ նրա դին նույնիսկ հնարավոր չի եղել գյուղից դուրս բերել, մյուս կրտսեր եղբայրն էլ վիրավորվել է: Սրանք բազմաթիվ դեպքերի միայն մի քանի օրինակներ են: Ադրբեջանի աչքում այս երեխաներն ահաբեկիչներ են, և իր գործողությունները, հրթիռները, զրահատեխնիկան, հրետանին, անօդաչու թռչող սարքերն ուղղել է հենց այս երեխաների և իրենց ընտանիքների դեմ:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում առկա են բազմաթիվ կոչեր՝ գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց՝ նրանց բռնաբարելու, մասնատելու և շներին կերակրելու նպատակով։ Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղից հայ կանանց օգտահաշիվները՝ խաղադրույք կատարելով, թե ով է հնարավորություն ունենալու նրանց բռնաբարել, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ:

Գործընկերներ,

Սա կանխատեսելի էր. հստակ նշաններ կային։ Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ահազանգում էինք: Միջազգային հանրությունը հրաժարվեց բավարար լրջությամբ վերաբերվել դրան։

Այս ագրեսիան հանդիսացավ Լաչինի միջանցքի 10 ամիս շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պարտադրված սովահարության մատնելու գագաթնակետը։ Սննդի, դեղորայքի, վառելիքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանն արդեն հասցրել էր հումանիտար աղետի եզրին։ Պետք է միամիտ լինել՝ կարծելու համար, որ սա հստակ ծրագրված չէր սկսած անմարդկային արգելափակման մեկնարկից, եթե ոչ նույնիսկ դրանից առաջ՝ նպատակ հետապնդելով կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու կարողությունը՝ դիմադրելու և իրենց կյանքն ու ապրուստը վարելու իրենց նախնյաց հայրենիքում։ Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, այս ողբերգության վերջնական գործողությունն էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին։

Երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք 2022թ. դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ նախաձեռնեցինք, այս Խորհուրդն այդպես էլ համարժեք արձագանք չտվեց:

Երբ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումներ ընդունեց, և դրանք անտեսվեցին Ադրբեջանի կողմից, այս Խորհուրդը՝ լինելով հեղինակավոր մարմին, որը կոչված էր ապահովելու ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրագործումը, չկարողացավ համարժեք պատասխան տալ:

Երբ ապրիլին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրեց և հետագայում սկսեց առևանգել, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության տակ գտնվող մարդկանց, միջազգային հանրությունը չկարողացավ համարժեք միջոցներ ձեռնարկել:

Երբ 2023թ. օգոստոսին Հայաստանը կրկին հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական հրատապ նիստը՝ նախազգուշացնելով անվտանգության և հումանիտար փխրուն իրավիճակի մասին և կոչ անելով Խորհրդին օգտագործել իր գործիքակազմը բոլոր խնդիրները հասեագրելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չանտեսելու նպատակով, այս Խորհուրդը համարժեք չարձագանքեց։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին, երբ Հայաստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից սպասվող ուժի կիրառման մասին՝ ակնկալելով հստակ միջոցներ ու գործողություններ այս սցենարը կանխելու համար, միջազգային հանրությունը թերահավատորեն արձագանքեց մեր նախազգուշացմանը։

Այժմ, երբ Ադրբեջանն արդեն վերսկսել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, երբ այդ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր տներից և գտնվում է իր հայրենիքից բռնի արտաքսման վտանգի տակ, երբ վերջին 30 տարիների ընթացքում իրենց ընտանիքները և հայրենիքում ազատության և արժանապատվության պայմաններում ապրելու իրենց իրավունքը պաշտպանած շատ մարդիկ գտնվում են զանգվածային ձերբակալությունների և դատապարտման սպառնալիքի տակ, երբ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ այլևս չկա դիտավորություն, այլ առկա են էթնիկ զտումների և զանգվածային վայրագությունների քաղաքականության հստակ և անհերքելի ապացույցներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործի։

Չնայած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ադրբեջանական կողմի բոլոր պահանջների ընդունմանը և այսօր ընթացող բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին թիրախավորվել է տարբեր տրամաչափի զենքերի և ականանետների կիրառմամբ՝ ստիպելով խաղաղ բնակիչներին ևս մեկ անգամ ապաստան գտնել նկուղներում։ Մենք հավատացած ենք, որ նման հարձակումները և հետագա հետապնդումները կշարունակվեն, քանի դեռ չկա հստակ միջազգային գործողություն:

Ի դեպ, ինչ վերաբերում է նշված պահանջներին, ես կցանկանայի շատ հստակ և աներկբա հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ ներկայության մասին պնդումներն ու հղումները չեն համապատասխանում իրականությանը:

Այս փորձով մենք հստակ տեսնում ենք որոշ դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու մտադրությունը՝ այդ կերպ մարտական գործողությունները տեղափոխելով մեր ինքնիշխան տարածքներ։  Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որոնք, անշուշտ, չեն կարող որևէ կերպ սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների թողտվություն: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն։

Կա նաև մեկ այլ շատ կարևոր ասպեկտ, որը վերաբերում է ներգրավված կողմերին: Ինչպես ես նշեցի, ձեզանից ոմանք ձեր հայտարարություններում դեռևս ընդհանուր կոչերով են դիմում հակամարտության կողմերին: Այս մոտեցումը և այս տերմինաբանությունն այլևս արդիական չեն: Հակամարտության մեջ այլևս կողմեր չկան, բացի մեղավորներից և զոհերից: Հակամարտությունն այլևս չկա, բայց առկա է ոճրագործության իրական վտանգ: Արդյո՞ք դեռ հնարավոր է կանխել դա հիմա: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք դրան: Քանի որ մենք դեռ հավատում ենք մարդասիրությանը, միջազգային իրավունքին և Անվտանգության խորհրդի՝ վճռականորեն գործելու կարողությանը, երբ վտանգված են հազարավոր մարդկանց կյանքերը:

Պարոն նախագահ, 

Այս ամենով հանդերձ, ես կրկին ու կրկին դիմում եմ Անվտանգության խորհրդին՝ ի ցույց դնելու իր վստահելիությունն ու հեղինակությունը՝ ձեռնարկելով հետևյալ հրատապ միջոցները.

  • դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը,
  • պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ,
  • անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով,
  • ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
  • ապահովել կողմերի լիարժեք բարեխիղճ համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, ներառյալ՝ դիերի դուրսբերումը և նույնականացումը, մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, մարդասիրական օգնության անվտանգ և անարգել տեղափոխումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ պահպանմամբ,
  • ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների մոնիտորինգի և վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ,
  • ապահովել կենսական նշանակության մատակարարումների, այդ թվում՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, գազի և էլեկտրաէներգիայի անհապաղ վերականգնումը,
  • պահանջել անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ Անվտանգության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
  • ապահովել Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսության կայուն միջազգային մեխանիզմ` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար:
  • պահանջել Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների դուրսբերումը մինչև բանակցությունների արդյունքները՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող խուճապը, սադրանքներն ու էսկալացիան բացառելու համար:
  • բացառել Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունները,
  • հնարավորություն ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի համար՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

Եվ վերջում,

Պարո՛ն նախագահ,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Թույլ տվեք ընդգծել, որ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը և շնորհավորել իմ հայրենակիցներին այս շատ կարևոր և խորհրդանշական իրադարձության կապակցությամբ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհակալություն», - ասաց Միրզոյանը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: